Շիկահողի ղեկավարը համոզված է, որ հրդեհը դիտավորության արդյունք է

«Հրդեհի այսքան դեպքեր չեն եղել, միտումնավոր է, հանգամանքները կպարզվեն»,- շեշտեց Նարե Ղազարյանը և հավելեց, որ այրվել է մոտ 5 հա թփուտ և խոտ, քիչ քանակությամբ ծառեր, տարածքում աշխատել են արտակարգ իրավիճակների 3 մեքենա

Շիկահող համայնքի տարածքում դեռևս հրդեհի օջախներ կան: Analitik.am-ին այս մասին ասաց Շիկահողի համայնքապետ Նարե Ղազարյանը՝ հավելելով, որ հրդեհի օջախները գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա են, բնակելի տարածքներից հեռու, սակայն համայնքի վարչական շրջանում՝ ոչ արգելոցի:

Ըստ նրա, դեռևս հնարավոր չէ մեկուսացնել կրակը: Մի քանի հատվածներում մեկուսացրել են, սակայն ոչ բոլոր վայրերում է հաջողվել դա անել:

Նարե Ղազարյանը համոզված է, որ հրդեհը դիտավորության արդյունք է, սակայն նա գյուղի բնակիչներին չի կասկածում, քանի որ, ըստ նրա, գյուղի ժողովուրդն է հենց սրբորեն պահպանում անտառը, իսկ նման հաճախակի հրդեհների դեպքերը արդեն կասկածելի են:

«Հրդեհի այսքան դեպքեր չեն եղել, միտումնավոր է, հանգամանքները կպարզվեն»,- շեշտեց նա և հավելեց, որ այրվել է մոտ 5 հա թփուտ և խոտ, քիչ քանակությամբ ծառեր, տարածքում աշխատել են արտակարգ իրավիճակների 3 մեքենա, սակայն այսօր Ծավ գյուղի տարածքում ևս հրդեհ է բռնկել, որը Շիկահող համայնքից 18 կմ հեռավորության վրա է, և մոտ մեկ ժամ առաջ երկու մեքենա գնացել է այնտեղ:

Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Շիկահողի տարածքում, բացի ԱԻՆ մեկ մեքենայից և ջրամատակարար վիլիսներից, հրդեհաշիջման աշխատանքների մասնակցում են Զանգեզուր կենսոլորտային համալիրի և Հայանտառի աշխատակցիները ևս, ինչպես նաև գյուղի բնակչությունը. «Չգիտենք ինչն է հրդեհի պատճառը, բայց կարծում եմ միտումնարվոր են արել»,-շեշտեց Նարե Ղազարյանը: