Նախկին իշխանություններն իրենց որոշումների համար քաղաքական պատասխանատվություն են կրել, ներկաները Ամուլսարի վերաբերյալ գործող իրավիճակից բխող որոշում պետք է կայացնեն

Փաստ է, որ հանքը շահագործելու թույլտվությունը տրվել է նախորդ իշխանությունների օրոք

Ինձ համար ակնհայտ է՝ Ջերմուկ քաղաքը` որպես զբոսաշրջության կենտրոն ,անհամատեղելի է զուգահեռ՝ քաղաքի բնակավայրից ոչ մեծ հեռավորության վրա բաց եղանակով մետաղական հանքի շահագործման հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 2012-2014թթ. Վայոց ձորի մարզպետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, ով Ջերմուկ քաղաքում հաշվառված բնակիչ է:

«Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ քաղաքի ֆունկցիոնալ գործունեության վրա, իսկ Ջերմուկ քաղաքն ի սկզբանե կառուցվել է որպես ջրաբուժական, վերականգնողական,  կուրորտային քաղաք»,-ասաց նա:  

Ըստ Ղազարյանի՝ Ամուլսարի հանքի և Սյունիքում գործող հանքերի առկայության տարբերությունն էական է. «Որովհետև Սյունիքում ի սկզբանե հանքեր են եղել, և այդ հանքերի շուրջ են ձևավորվել այդ բնակավայրերը, իսկ Ջերմուկը ճիշտ հակառակն է, այսինքն՝ Սյունիքում մարդիկ իմացել են,  որ գնում են, աշխատեն հանքարդյունաբերական քաղաքու, կամ ծնվում են, մեծանում են, աշխատում են հանքարդյունաբերական քաղաքում, հիմա  Ջերմուկը կուրորտային քաղաք է ի սկզբանե կառուցվել, և  հիմա այդ քաղաքի մոտ ստեղծել հանքավայր նշանակում է ամբողջ քաղաքի ռազմավարությունը փոխել, որը փոխում է մարդկանց կենսակերպը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է, որ հիմա են այդ խնդիրների մասին խոսում, այն դեպքում, երբ նախկին իշխանությունն է նման ժառանգություն թողել, Ղազարյանը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների գործողությունների վրա հենվելը, իմ կարծիքով, հիմա սխալ է, քանի որ նախորդ իշխանությունների որոշումների մեջ կան հակասական պահեր: Փաստ է, որ հանքը շահագործելու թույլտվությունը տրվել է նախորդ իշխանությունների օրոք, բայց փաստ է նաև այն, որ Ջերմուկը` որպես տուրիստական կենտրոն, էլի հռչակվել է նախորդ իշխանությունների կողմից: Այսինքն՝ իմ կարծիքով չպետք է Ջերմուկը տուրիստական կենտրոն հռչակելուց հետո թույլատրվեր ոչ մեծ հեռավորության վրա հանք շահագործվեly: Հիմա եթե նոր որոշում պետք է կայացվի, և հղում է արվում  նախկին իշխանությունների գործողություններին, կարող են հղման հիմքում ընդունել 2008թ.-ին Ջերմուկը տուրիզմի  կենտրոն հռչակելու ռազմավարությունը: Այսինքն՝ լավի վրա հիմնվել, կախված նրանից, թե հիմա ինչ որոշում է պատրաստվում»,-ասաց նա:   

Ըստ Էդգար Ղազարյանի՝ հարցը գտնվում է քննարկման փուլում,  և օրվա իշխանության խնդիրն է կայացնել իրավիճակին համապատասխան քաղաքական որոշում: «Թե ինչ որոշում են կայացրել նախկին իշխանությունները, և ինչ քաղաքական  պատասխանատվություն են իրենք կրել, դա մենք տեսնում ենք, հիմա կա գործող իրավիճակ, և այդ գործող իրավիճակին համապատասխան պետք է կայացնել համապատասխան որոշումներ, դա էլ օրվա իշխանության խնդիրն է»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, որ որոշումը քաղաքական նոր փոփոխությունների պատճառ կարող է դառնալ:

«Անկեղծ դա ավելի քիչ է հետաքրքրում, քան  Ջերմուկի  քաղաքի  ճակատագիրը: Ես Ջերմուկում վերջին շրջանում, որ շփվում էի մարդկանց հետ, նրանց տրամադրությունը քաղաքական փոփոխությունները չեն, հակառակը՝ վերջին ընտրությունների ժամանակ ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Ջերմուկում և հարակից բնակավայրերում գործող իշխանությունները վստահության բավական մեծ քվե է ստացել, այսինքն՝ իրենց կողմից  ընտրված իշխանության կողմից իրենց վերաբերող հարցերին արդարացի լուծումներ որոշումների ակնկալիք ունի»,-ասաց նա:

Նախկին մարզպետը նշեց, որ Ամուլսարի հետ կապված խնդիրներ միշտ էլ եղել են, մշտապես տարբեր հարցեր են ի հայտ եկել շահագործման տարբեր էտապներում և թեև որպես մարզպետ  հանքարդյունաբերության ոլորտում իրենք իրավասություն չունեն, բայց առիթ ենք  ունեցել մեր իրավասության շրջանակներում մասնակից լինել տարբեր քննարկումներին  և ներկայացնել իրենց դիտարկումները:

«Հանքարդյունաբերության ոլորտում իրավասություն ունեին կենտրոնական մարմինները, մասնավորապես Բնապահպանության նախարարությունը, որը հանքի շահագործման եզրակացություններն է տալիս, և ՏԻՄ-երը, որոնք պետք է  համաձայնություն տան, որ իրենց համայնքի  տարածքում հանքարդյունաբերություն իրականացվի և նաև հողերը  վարձակալությամբ տրամադրեն համապատասխան մարմիններին: Քանի որ իշխանության այդ երկու օղակների միջև  մարզպետները գոյություն ունեն, մենք առիթ ենք  ունեցել մեր իրավասության շրջանակներում մասնակից լինել տարբեր քննարկումներին և ներկայացնել բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք որ ժամանակի ընթացքում  ի հայտ էին գալիս և դրանք ներկայացնում էինք համապատասխան մարմիններին, ինչքանով որ գործի բերումով հնարավորություն ունեինք դրանց տեղեկանալու»,-ասաց նա և հավելեց, որ մասնավորապես երբ խոսքը վերաբերում էր ոսկու հանքի կորզման ֆաբրիկայի գտնվելու վայրին, բարձրաձայնել են այդ մասին:

«Ի սկզբանե նախատեսել էին ոսկու կորզման ֆաբրիկան տեղադրել Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի տարածքում: Հետո քանի որ ջրերը գնալու էին Սպանդարյան ջրամբար, այնտեղից թունելով Կեչուտի ջրամբար, այնտեղից Սևան, այսինքն՝ ամբողջ այդ ջրային ռեսուրսների վնասն այնտեղ էր, պահանջ ներկայացվեց, և իրենք փոխեցին ամբողջ նախագիծը, որպեսզի ոսկու կորզման ֆաբրիկան գոնե տեղադրվի Կեչուտի ջրամբարից ներքև»,-ասաց նա և հավելեց, որ, իհարկե, դա ամբողջությամբ խնդիրը չի լուծում, սակայն մեծ  ծավալի ռիսկեր անհամեմատ մեղմվում էին:

Հարցին, թե ինչպես է, որ համայնքները նախ տվել են համաձայնություն, մինչդեռ հիմա այլևս դեմ են հանքի շահագործմանը, Ղազարյանը նշեց, որ ամենասկզբում կար մի այլ  խնդիր, որն իրենց անհանգստացնող էր. «Դա այն էր, որ Ջերմուկ քաղաքը չէր ներառվել ազդակիր քաղաքների շարքում: Ազդակիր  համայնքները նրանք էին, որ պետք է տեղի ունենային նախնական քննարկումներ, կազմակերպեին հանրային լսումներ, որպեսզի համայնքի  բնակիչների, տեղական իշխանությունների կարծիքը պարզ լիներ հանքի վերաբերյալ: Ազդակիր համայնքներն են եղել Վայոց Ձորից՝ Գնդեվազը, Սարավանը և Սյունիքի մարզից Գորայք համայնքը: Դա ոչ թե Լիդիան ընկերության մեղքն է, այլև այն ժամանակ Բնապահպանության նախարարության մեղքն է, որովհետև իրենք պետք է որոշեին, թե որոնք են ազդակիր համայնքները, և այդ որոշումները խիստ անտրամաբանական են այն առումով, որ Ջերմուկ քաղաքը աշխարհագրորեն հանքավայրից գտնվում է գրեթե նույն հեռավորության վրա, ոնց որ մյուս ազդակիր ճանաչված համայնքները, բայց ինքը ազդակիր համայնք չի ճանաչվել»,-ասաց նա:

Ղազարյանի ենթադրությամբ՝ գիտակցած են գնացել այդ քայլին,  որովհետև Ջերմուկ քաղաքը կառավարության որոշումով արդեն իսկ հռչակվել էր որպես  տուրիզմի կենտրոն:

«Ակնհայտ էր, որ եթե տուրիստական կենտրոնում համայնքը ներառվի ազդակիր համայնքների ցանկում, հանրային մեծ հնչեղություն կունենար, և հիմիկվա իրականությունը դա ապացուցում է, այսինքն՝ հիմնական  այդ հանքի հետ կապված ռիսկերը ուղիղ կապված են Ջերմուկ քաղաքի համար: Բայց դա անազնիվ մոտեցում է եղել, եթե ի սկզբանե Ջերմուկը ներառվեր,  բնակիչների կարծիքը լսեին, միգուցե հետագա փուլերը տեղի չունենային, բայց չի ներառվել: Բայց հետագայում երբ որ համայնքների խոշորացման արդյունքում Ջերմուկ, Գնդեվազ համայնքները ներառվեցին մեկ խոշորացված համայնքում, Ջերմուկ քաղաքն արդեն ակամայից ներառվեց պրոյեկտի մեջ»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը նշեց, որ Ջերմուկի բնակիչների հետ ինչքան որ տեղի են ունեցել հանրային քննարկումներ, չի հիշում որևէ դեպք, որ դրանք սահուն ընթացք ունենան: «Միշտ էլ Ջերմուկի բնակիչները, ընդ որում ակտիվ համայնքային  գործիչները, առողջարանների սեփականատերերը, հիմնակիրների ղեկավարները, համայնքի բնակիչները մեծամասնության մեջ միշտ դեմ են արտահայտվել: Հիմա շատերն են դեմ արտահայտվում, Երևանի բնակիչ, Գյումրիից, Վանաձորից, տարբեր տեղերից, նրանց մոտեցումները ավելի շատ բնապահպանական են, բայց Ջերմուկի պարագայում ավելի շատ կապ ուն,ի կենսական նշանակության խնդիր է, այսինքն` այդ մարդկանց ուղիղ կենսագործունեությանն է առնչվում»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե կան տեսակետներ, թե չշահագործելու դեպքում պետությունը մեծ միջոցներ պետք է փոխհատուցի, Ղազարյանը նկատեց, թե նույնատիպ ռիսկեր կարող են  լինել հանքը շահագործելու պարագայում: «Որովհետև Ջերմուկում վերջին տարիներին բավական մեծ ծավալի ներդրումներ են կատարվել առողջարանային ոլորտում, կան ներդրողներ, կառուցել են առողջարաններ, ռեստորաններ, տեղացիները իրենց տներն են  վերանորոգել, դարձրել հորատներ, որպես փոքրիկ բիզնես, այդ մարդիկ էլ ներդրումներ են արել և հիմնվել են նրա վրա, որ Ջերմուկը տուրիստական կենտրոն է: Դրանք ևս ներդրումներ են, և այդ ներքին ներդրումների համար էլ պետք է հաշվարկներ կատարել»,-ասաց նա: