Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել

Գույքի պակասորդի մասին տեղեկություններն ԱԺ աշխատակազմը փոխանցել է իրավապահ մարմիններին

Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցել են Ազգային ժողովի աշխատակազմից:

Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով  իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով  2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ և գույք:

Գույքի պակասորդի մասին տեղեկություններն ԱԺ աշխատակազմը փոխանցել է իրավապահ մարմիններին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կայքի հետ զրույցում բացառեց այն հնարավոր տարբերակը, որ գույքը կորել է իրենց աշխատանքի ժամանակահատվածում:

«Մենք էլ ենք ժամանակին արել գույքագրում և ամբողջ գույքագրումը պահպանված է: Եթե տեսել են, որ չկան համակարգիչները, պետք է դիմեն իրավապահ մարմիններին: Մեր գույքագրման ժամանակ մենք չենք ունեցել համակարգիչների որևէ կորուստ»,- հավաստիացրեց նախկին պաշտոնյան:

Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ ԱԺ-ից բացակայող գուքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն: Այս պահին գործում ներգրավված անձ չկա: