«Ոչ ոք Միացյալ Նահանգների հետ չի կարող նման կերպ խոսել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի՝ Գրենլանդիան գնելու իր ծրագրերն «անհեթեթություն» որակելու համար, նրան մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի՝ Գրենլանդիան գնելու իր ծրագրերն «անհեթեթություն» որակելու համար, նրան մեղադրել է «անվայել» վարքագիծ դրսևորելու համար, գրում է Daily Mail-ը:

Թրամփը, մասնավորապես, իր զայրույթն է հայտնել Դանիայի վարչապետի բառերի ընտրության առնչությամբ:

«Ըստ իս՝ վարչապետի հայտարարությունն առ այն, որ դա (Գրենլանդիայի հնարավոր վաճառքը - Tert.am) անհեթեթություն է, անհեթեթ գաղափար, անվայել արտահայտություն էր»,- հայտնել է նախագահը և հավելել, որ դրա փոխարեն նա կարող էր պարզապես պատասխանել, որ հետաքրքրված չեն Գրենլանդիայի վաճառքով:

Աղբյուրը հաղորդում է, որ ամերիկա-դանիական հետագա հարաբերությունների մասին հարցին ի պատասխան Թրամփը կրկին վերհիշել և արտաբերել է Ֆրեդերիկսենի բառերը և անպատասխան է թողել լրագրողների հարցը:

Այլ երկրներից տարածքների գնման մտադրությունների վերաբերյալ հարցին Թրամփը բացասական պատասխան է տվել: Նա հավելել է, որ Գրենլանդիայի վաճառքի հարցը չպետք է նման իրարանցում առաջացներ, քանի որ նա առաջին նախագահը չէ, որ նման առաջարկով է հանդես գալիս:

«Վարչապետը սարսափելի բառ է ընտրել՝ խոսելու այն թեմայից, որի շուրջ արդեն քանի տարի է՝ խոսվում է: Իմ նախագահության օրոք ոչ ոք Միացյալ Նահանգների հետ նման կերպ չի կարող խոսել»,- հավելել է նա: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել էր Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի հնարավոր վաճառքի մասին վերջինիս արած արտահայտությունների պատճառով:

«Դանիան յուրահատուկ պետություն է՝ արտասովոր մարդկանցով, բայց ելնելով վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի այն հայտարարություններից, որ նա հետաքրքրված չէ Գրենլանդիայի գնման շուրջ քննարկման հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը, որը պետք է կայանար երկու շաբաթից»,- գրել էր Թրամփը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:

Թրամփն անցած կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նշելով որ հետաքրքրված է Գրենլանդիայի գնմամբ՝ ռազմավարական նկատառումներից ելնելով:

Նյութի հրապարակումից հետո Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը մեկնաբանել էրԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:

«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել էր նա: