Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար և «Գահերի խաղից» թանկ սերիալ նկարահանել

Apple ընկերությունը նախկինում կինոարտադրությամբ չի զբաղվել, բացառություն են միայն «Փղիկ» (Elephant Queen) վավերագրական ֆիլմը և ընտանեկան դիտման համար նախատեսված Wolfwalker անիմացիոն ֆիլմը

Apple ընկերությունն ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել ֆիլմերի և շոուների արտադրության համար՝ իր հոսքային տեսածառայության գործարկման նախաշեմին, որը մրցակցելու է Netflix-ի, HBO-ի և Disney-ի հետ: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությունը «հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել» Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի և Սթիվ Քարելի մասնակցությամբ «Առավոտյան շոու» (Morning show) հեռուստատեսային սերիալի ստեղծման համար:

Հաղորդվում է, որ «Առավոտյան շոու» սերիալի մեկ սերիայի նկարահանումներն ավելին են արժեցել, քան «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր սերիան, որն արժեցել է մոտ 15 մլն դոլար:

Թերթը հիշեցնում է, որ նոր ծառայության բովանդակության համար պատասխանատու են լինելու Ջեյմի Էրլիխտն ու Զակա Վան Ամբուրգը, որոնց Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2017 թվականին ընկերություն էր բերել Sony Pictures կինոընկերությունից:

Ծառայության գործարկումը նախատեսվում է միաժամանակ ավելի քան 100 երկրներում։ Բաժանորդագրության հստակ ժամկետների և գների մասին տեղեկություններ դեռևս չեն բացահայտվում:

Նշենք, որ Apple ընկերությունը նախկինում կինոարտադրությամբ չի զբաղվել, բացառություն են միայն «Փղիկ» (Elephant Queen) վավերագրական ֆիլմը և ընտանեկան դիտման համար նախատեսված Wolfwalker անիմացիոն ֆիլմը:

 

Image result for Morning show jenifer aniston