Կեղտոտ խոսակցություն Նիկոլ Փաշինյանի կաբինետում

«Սանիթեք»-ը սաբոտաժ է անում

Կարգին սերիալի նկարահանումները փաստորեն տեղափոխվել են վարչապետի կաբինետ, և ի լրումն նախկին դերասանների` ստեղծագործական թիմին միացել է նաև Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը աշխատանքային հանդիպման է եկել վարչապետի մոտ, և վարչապետը որոշել է հանդիպումը ուղիղ եթերում անել, վերցրել ու ՖԲ-ով լայվ է մտել: Նիկոլը հարցնում է Մարությանին` ինչո՞ւ է աղբահանությունն այս վիճակում: Մարությանն էլ պատմում է, որ 2013-ին Երևանի աղբահանության գործը տրվել է «Սանիթեք»-ին, իսկ քաղաքային համապատասխան կառույցները չեն պահվել: Փաշինյանը, թե աշխարհի փորձը ո՞նց է, Մարությանը թե` աշխարհի իր իմացած քաղաքներում երկու և ավելի օպերատոր են ներգրավում, չնայած գուցե կան նաև քաղաքներ, որտեղ մեկ օպերատոր է աշխատում:
Նիկոլ Փաշինյանը նորից լրագրողական հետաքրքությամբ հարցնում է` իսկ այդ պայմանագիրը լա՞վ պայմանագիր է: «Ես ուզում եմ անկեղծ ասել, որ, այո', սա քաղաքապետարանի համար լավ պայմանագիր է, լավ պայմանագիր է նաև «Սանիթեք»-ի համար»,- խոստովանում է Մարությանը:

Բա էս խնդիրները ինչի՞ց են առաջացել: Առաջացել են, որովհետև «Սանիթեք»-ը չի կարողանում իր վրա դրված պարտականությունները կատարել, չունի այդ ներուժը: Լավ, իսկ ինչո՞ւ չի կարողանում: «Փորձ չունի»,- ասում է Մարությանը և ավելացնում, որ քաղաքապետարանը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում ժամացույցի նման փողը փոխանցում է «Սանիթեք»-ին: Քաղաքապետարանի միակ պարտավորությունը փող տալն է, մեկ էլ վերահսկելը, որ կատարի: Լավ վերջապես, ինչո՞ւ չեն անում: Իրենց շարժակազմերը ջարդուխուրդ եղած են: Աղբամանները քիչ են. 16 հազարի փոխարեն` կա ընդամենը 5000 աղբաման: Բայց սա էլ քիչ է, «Սանիթեքն» ասում է, որ ինքը պարտավոր է 8 հազար ունենալ: Բայց քաղաքապետն էլ կարդացել է պայմանագրում` 16 հազար հատ պիտի լինի:
Լավ բա հետո ՞... Քաղաքապետարանը տուգանելէ «Սանիթեք»-ին: «Սանիթեք»-ը դրա համար դատի է տվել քաղաքապետարանին, թե իրենց անհիմն են տուգանել, և այս տուգանքն ազդել է իրենց աշխատանքի վրա: «Բայց այնուամենայնիվ, պատճառը, որ իրենք չեն կարողանում կատարել աղբահանությունը, ո՞րն է, վատ մենեջմե՞նթն է, ի՞նչն է»,- չի կարողանում հասկանալ Փաշինյանը: Մարությանն ասում է, որ ինքը «Սանիթեք»-ին ասել է, որ շատ երջանիկ կլինի, որ նրանք նորմալ աշխատեն: «Սանիթեքն» ասել է` բարձրացրե'ք գինը: Մարությանն էլ պատասխանել է` եղբա'յր, դու պայմանագիր ես կնքել` 12 տարով, եթե ձեռնտու չէր, չկնքեիր, հիմա ես չեմ կարող գինը բարձրացնել, որովհետև դա կլինի օրենքների խախտում: «Ես առաջարկեցի` խզենք «Սանիթեք»-ի պայմանագիրը, նոր մրցույթ հայտարարենք: Դուք եկեք` նոր գնով մասնակցեք մրցույթին»,- պատմում է Հայկ Մարությանը և ցավով արձանագրում, որ այս առաջարկին «Սանիթեք»-ը չի համաձայնվել: 
Նիկոլ Փաշինյանին այս պահը շատ է դուրս գալիս, այն աստիճանի, որ նա մի պահ սկսում է ուղիղ եթերում բանակցել «Սանիթեք»-ի հետ, որ համաձայնվի: Հետո Մարությանն է իր կողմից լրացնում, որ ինքը ինչ ասես, առաջարկել է «Սանիթեք»-ին, այս թվում նաև, որ Երևանը ձեռք բերի սեփական աղբատար մեքենաները: Մի րոպե, իսկ իրենք փող չունեն, որ վարկ վերցնեն, մեքենա առնեն: Փաշինյանի այս զարմանքը անմիջապես փարատում է Հայկ Մարությանը, թե իրենք արդեն 8 մլն դոլար վարկ ունեն:
Վերջը, նորից աղբը չեն տանում, Երևանի քաղաքապետարանն էլ մեքենաներ ձեռք բերելու մրցույթ հայտարարեց, որը բողոքարկեց մեկ այլ ընկերություն: Էստեղ էլ համաձայն չէին մեքենաների հզորության հետ: Դեռ լավ է, որ դատարանը թույլ տվեց մրցույթն անել` բողոքարկումից առանձին: 
Հետո «Սանիթեք»-ին խնդրեցինք, որ գոնե աղբաման բերի, գոնե 2000 հատ: Նրանք էլ, թե 1500 հատ կբերենք: «Ո՞նց, աղբատար մեքենայի փոխարեն աղբամա՞ն»,- Փաշինյանը սկսում է զայրանալ: «Դե այո, գոնե իրավիճակը փոքր ինչ կլավանար....»,- մասնագիտորեն բացատրում Է Մարությանը: «Հաաա.... այսինքն` որ աղբամանները շատ լինեն, փողոցում մեր քաղաքացիները էսքան շատ աղբ չեն տեսնի կուտակված»,- վերջապես գաղտնիքը հասկանում է Փաշինյանը: «Հա, բայց իրենք 200 հատ բերեցին և վերջ»: 
Իսկ վերջում` թե «Սանիթեք»-ը լիբանանյան ընկերություն է, էդ ով չգիտի, թե նախկին որ բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրն էր, որ կապեր ուներ Լիբանանի հետ: Էստեղ կասկածելի բաներ կան, որ դեռ պետք է բացել: Էդ ինչպե՞ս է, որ նախկինները չեն կասկածել էդ պայմանագիրը ստորագրելու ժամանակ, բայց դա հետո...
-Վերջը, բա աղբը ե՞րբ պիտի տանեն....ո՞վ պիտի տանի....
-Նոր մեքենաներ ենք բերել, պարո'ն վարչապետ... 16 հատ:
-Գոնե «Սանիթեք»-ի հետ աշխատանքի բաժանում արե ՞լ եք---
Այսինքն` քաղաքապետարանը մեքենա է բերում, աղբաման է բերում: 
-«Սանիթեք»-ը սաբոտաժ է անում:
Բա թե` ավել գումար չենք տալու, բա եթե Երևանի բյուջեից հա'մ «Սանիթեք»-ին եք վճարում, հա'մ էլ մեքենա և աղբաման եք առնում, դրա վերջը ո՞նց է լինելու....
Վերջը, էդ արդեն ուրիշ կինո է, կեղտոտ խոսակցության երկրորդ մասը` Բադեն-Բադեն, հետախուզում, Լիբանան... վարչապետը բարձրաձայն մտածում է:

 

Հայկ Դավթյան

Նյութի աղբյուր՝ hayeli.am