Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ օգոստոսի 13-ին, քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը, եւ վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր:

Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով շղթայի ստեղծման տարբերակներին, ներդրումային եւ ենթակառուցվածքային հնարավորություններին առնչվող հարցեր:

Վարչապետը նշել է, որ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը եւ եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո եւ երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ: