Givenchy-ն ու Versace-ն ներողություն են խնդրել Չինաստանից՝ «սխալ գրությամբ» մարզաշապիկների համար

Մենք ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալների համար, որոնք գնորդների թեժ քննարկումների առարկա են դարձել

Givenchy-ն ու Coach-ը, հետևելով Versace-ին, չինացի գնորդներից ներողություն են խնդրել մարզաշապիկների վրա արված սխալ գրառումների համար: Վերջիններս այս կերպ են արձագանքել իրենց արտադրանքը բոյկոտելու կոչերին:

Այս ընկերությունները մարզաշապիկներ են թողարկել, որոնց վրա Մակաոն, Հոնկոնգն ու Թայվանը նշվել են իբրև անկախ տարածքներ: Չինացիները կոչ են արել բոյկոտել նորաձևության այդ տների արտադրանքը:

Նշվում է, որ Givenchy-ն գերադասել է ներողություն խնդրել չինական Weibo սոցկայքում:

«Մենք ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալների համար, որոնք գնորդների թեժ քննարկումների առարկա են դարձել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք թույլ տրված անփութության համար: Givenchy-ն միշտ հարգել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը և սատարել է միասնական Չինաստանին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Coach-ը ներում է հայցել Թվիթերում: Հայտնել է, որ մարզաշապիկներում «անփութությունը» թույլ է տրվել դեռ 2018 թ., ինչից հետո, սակայն, այդ խմբաքանակը վաճառքից հանվել է: Versace-ն ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել: