Չի կարելի հարկատուների հաշվին կաշառել դատավորներին. ՍԴ նախկին անդամ

ՀՀ սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ՍԴ անդամներից շատերը չեն համաձայնի նման քայլի գնալ

Սահմանադրական դատարանի անդամներին հրաժարական տալու դիմաց հետագայում ևս աշխատավարձ տալու և սոցիալական երաշխիքներ վերապահելու դրույթը իրավունքի գերակայության, օրինականության հետ կապ չունի։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Մարդուն չաշխատելու համար աշխատավարձ տալը նման է կաշառք տալուն։ Իրավաբանորեն սա չի կարող համարվել աշխատավարձ, քանի որ մարդը փաստացի չի աշխատելու, օգնություն ևս կարող լինել, լավագույն դեպքում դա կարող է համարվել փոխհատուցում՝ պաշտոնից հրաժարվելու համար»,–ասաց նա՝ նկատելով, որ չի կարելի հարկատուների հաշվին կաշառել դատավորներին. «Սա շատ բացասական գործարքի առաջարկ է, դուրս տրամաբանությունից և այն շատ վատ իրավական նախադեպ կարող է դառնալ»։

ՍԴ նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ ՍԴ անդամներից շատերը չեն համաձայնի նման քայլի գնալ։

«Սա արդեն բարոյականության հարց է, ոնց որ մարդուն գումարով գնեն։ Եթե նամուս ունենան, որևէ մեկը հրաժարական չի տա։ Ավելի լավ է՝ «թքեն»՝ թողնեն գնան, քան կաշառվեն»,–նկատեց Հովհաննիսյանը։

Պրոֆեսորը, վկայակոչելով ՄԻԵԴ նախադեպային դիրքորոշումներից մեկը, նկատեց, որ առաջարկվող դրույթը ՍԴ դատավորների կամքի վրա ներգործելու մի ձև է։

«Մարդու կամքի վրա բռնանալու հազար ու մի ձևեր կան՝ կոշտ, փափուկ։ Համաձայն ՄԻԵԴ դիրքորոշման՝ մարդուն ազատությունից զրկելը դրսևորվում է ոչ միայն նրան ֆիզիկապես ազատազրկելով, այլև տվյալ անձի կամքի վրա ներգործելով։

«Մարդը համարվում է ազատազրկված, երբ դադարում է իր վարքագծի հետ կապված ինքնուրույն որևէ որոշում կայացնել»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի առաջարկի վերաբերյալ դրույթը կարող է համարվել սահմանադրական, ՍԴ նախկին անդամն ասաց. «Ի սկզբանե անօրինական դրույթ է, և ես վստահ եմ, որ Ազգային ժողովը ողջամիտ կգտնվի և նման անլուրջ նախագիծ չի ընդունի։ Սա սարսափելի անլուրջ դրույթ է. ասում են՝ քեզ փող տանք, գնա մի 10 տարով... միայն թե գնա։ Մի՞թե Սահմանադրական դատարանի դատավորներն այդքան վտանգավոր են, որ նման թանկ գնով ուզում են նրանցից ազատվել, ի՞նչ են արել նրանք, թող աշխատեն»,–նշեց նա։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ նման առաջարկի դիմաց դատավորների հրաժարականի պարագայում ստացվում է, որ Հայաստանում Սահմանադրական երկու դատարաններ են լինելու։

«Ստացվում է՝ մենք զուգահեռ երկու սահմանադրական դատարաններ ենք ունենալու՝ վճարման առումով. դատավորներ, որոնք կաշխատեն և գումար կստանան, և դատավորներ, որոնք տանը կնստեն և նույն գումարը կստանան»,– նկատեց պրոֆեսորը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։