YouTube-ի ղեկավարն իր երեխաներին զրկել է սմարթֆոններից՝ իրական կյանքում հաղորդակցվելու համար

Ինձ համար կարևոր է, որ երեխաները սովորեն պատասխանատվությամբ մոտենալ նրան, թե որքան ժամանակ է զբաղեցնում իրենց մոտ սմարթֆոններից օգտվելը. Սյուզան Վոիժիցկի
Սյուզան Վոիժիցկի

«YouTube»-ի տեսածառայության ղեկավար Սյուզան Վոիժիցկին հայտարարել է, որ պարբերաբար զրկում է իր երեխաներին սմարթֆոններից, որպեսզի նրանք միասին կարողանան հաղորդակցվել և ժամանակ անցկացնեն իրական կյանքում։ Այս մասին վերջինս խոսել է «The Guardian»-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ըստ նրա, երեխաները դիտում են YouTube, բայց «կարևոր է հավասարակշռություն ունենալ» այս հարցում․ «Ինձ համար կարևոր է, որ երեխաները սովորեն պատասխանատվությամբ մոտենալ նրան, թե որքան ժամանակ է զբաղեցնում իրենց մոտ սմարթֆոններից օգտվելը: Չէ որ, մենք երեխաներին ասում ենք, թե ինչպես պետք է պահեն իրենց փողոցում, պետք է նաև ասել նրանց ինտերնետի անվտանգության մասին»,-ասել է նա:

YouTube- ի ղեկավարը շեշտել է, որ պետք է միջոցներ գտնել երիտասարդների համար վիրտուալ աշխարհում ծախսած ժամանակը կարգավորելու համար: Նա նշել է նաև, որ բացի սմարթֆոններից, երեխաները պետք է ուշադրություն դարձնեն նաև սպորտին, դպրոցին, տնային աշխատանքներին, ընթերցանությանը և այլ գործողություններին:

«Կա որոշակի ժամանակ, երբ ես վերցնում եմ հեռախոսները իմ բոլոր երեխաներից, մանավանդ երբ ընտանեկան արձակուրդում ենք, քանի որ ուզում եմ, որ մարդիկ  շփվեն միմյանց հետ իրական կյանքում: Ես հավաքում եմ նրանց հեռախոսները և ասում. «Այսօր մենք բոլորս կկենտրոնանանք իրական կյանքում միասին շփվելու վրա»,-ասել է նա:

Ըստ Վոիժիցկիի, ավելի լավ է սկսել երեխաներին սովորեցնել, թե ինչպես օգտագործել հեռախոսը միջին դպրոցական տարիներին, երբ նրանք մոտ 11 տարեկան են: