Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառ է վառվում «Արևիկ» ազգային պարկում. «Էկո-Մեդիա»

ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա

 

  • «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։

«Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։

ԱԻՆ-ը տեղում է, սակայն ուղղաթիռ կիրառելու իմաստ, ըստ նախնական գնահատականների, չկա, քանի որ հրդեհաշիջման համար փրկարարների ուղղաթիռը մոտ 1400 լիտրի ջրի տարողունակություն ունի։ Դա շատ քիչ է։ Որ պատկերավոր լինի` այդքան ջուրը մեծ հրդեհի համար նույնիսկ ցողի նման չի ազդի։ Ջուրը օդում արդեն կգոլորշիանա։ Տեղի անանցանելիությունը, ըստ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանի, անհնարին է դարձնում հողային հրդեհաշիջման աշխատանքները։ Այսինքն՝ տրակտոր այնտեղ չի կարողանա մտնել։ Այս պահին այսքանը։ Կրակը արագ տարածվում է»: