Արթիկցի 51–ամյա Մնացականը «ԳԱԶ 24–ի», «Զապորոժեցի», «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել

Խորհրդային ավտոմեքենաների մասերից պատրաստված ուղղաթիռը 10 անգամ ավելի մատչելի է. նրանով հնարավոր է վիրավոր տեղափոխել, հրդեհներ մարել
1

Արթիկցի 51–ամյա Մնացական Հաջաթյանը 5 տարի առաջ առավոտյան արթնացել ու գործի է անցել. նա «ԳԱԶ 24–ի», «Զապորոժեցի», «Մոսկվիչի» մասերը համակցելով` ուղղաթիռ է սարքել։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում Հաջաթյանը պատմեց, որ թե՛ տան անդամները, թե՛ հարևանները չեն հավատացել, որ երկաթի կտորներն ուղղաթիռի մասեր են դառնալու։

Ուղղաթիռը պատրաստելիս հարևանները թերահավատորեն են վերաբերվել նրա գործին, տան անդամներն էլ մտածել են` մի քանի օր կաշխատի ու «հավեսը կհանի», բայց հետո հպարտորեն են սկսել նայել ուղղաթիռը ստեղծողին։

Մնացականը մասնագիտությամբ էլեկտրիկ է, Արթիկի էլեկտրական ցանցում է աշխատում, վթարներն է վերացնում. բարձր լարման կայանների հետ գործ ունի։ Մասնագիտությունը, ասում է, օգնել է, որ ուղղաթիռի ինչ–ինչ հատվածներ պատրաստի։ 3 տարի աշխատել է ուղղաթիռի վրա, մանրամասն մշակել ու սարքել յուրաքանչյուր դետալը և ամեն մանրուքին ուշադրություն դարձնել։ Նա հավաստիացնում է` չկա մի բան, որով ուղղաթիռը կտարբերվի մյուսներից։

«Ուղղաթիռն իր բոլոր ֆունկցիաներն անում է, ամեն դետալի մասին մտածել եմ, գտել։ Չգիտեմ` որքան գումար եմ ծախսել վրան, բայց հաստատ քիչ չի։ Այս կարգի ուղղաթիռները, եթե նորմալ հավաքես, 15-18 000 դոլար կարժենա պետության վրա, բայց նման ուղղաթիռների գինը 150-180 000 դոլար է»,– ասում է ուղղաթիռի վարպետը։

Տան բակում կանգնած ուղղաթիռը մեկ անգամ «տեղից պոկել» է, սակայն քանի որ բակի տարածքը մեծ չէ, վտանգավոր է ու հնարավոր էլ չէ այդտեղից սկսել այն վարել։ Բացի այդ, ուղղաթիռի շարժիչի հզորությունը թույլ է, իսկ հզոր շարժիչը ծախսատար է։

Ուղղաթիռը նորմալ աշխատեցնելու համար նախ փորձարկել է պետք, սխալները շտկել, ու վերջ, այն պատրաստ կլինի։ Հաջաթյանն ասում է, որ նման` պետության վրա մատչելի նստող ուղղաթիռների միջոցով հնարավոր կլինի, օրինակ, դաշտերին դեղ շաղ տալ, հրդեհների ժամանակ ջուր հասցնել։ Ավելին` այն կարող է նաև պաշտպանության մեջ պետք գալ ու վիրավորներին տեղափոխել։

Ուղղաթիռի վարպետը նշում է, որ կուզեր` պաշտպանության նախարարությունն իմանար իր արածի մասին, քանի որ այն, իրոք, կարող է պետությանը պետքական լինել։

Մնացականը պատմեց նաև, որ 1-2 տարի առաջ իրենց քաղաք ռուս օդաչուներ են եկել, և քանի որ քաղաքում արդեն գիտեն այդ ոլորտի հանդեպ իր սերը, օդաչուներին ուղեկցել են իրենց տուն` հանգստանալու, զրուցելու։ Օդաչուները զննել են ուղղաթիռն ու զարմացել` որքան ճիշտ է հավաքած։

Քանի որ փողոցի երիտասարդների մեծ մասն արտագնա աշխատանքի են մեկնել, հենց ինքն էլ օգնության է հասնում, երբ հարևաններից որևէ մեկի տան էլեկտրալարերը շարքից դուրս են գալիս, և որ բախտը բերել է` այսքան ժամանակ չի հոսանքահարվել, քանի որ հակառակ դեպքում «հրեշտակները տեղում կերևան»։

Մնացականենց տանը հաճախ են հյուրեր լինում. Արթիկ եկողներին զարմացնելու համար ուղեկցում են հենց նրանց տուն, լուսանկարում ուղղաթիռի հետ ու խոստում վերցնում, որ այն աշխատեցնելուց հետո ուղևորներից մեկն էլ հենց իրենք են լինելու։

Նյութի աղբյուրը՝ Sputnik Արմենիա

1

1

1

1