Ինչու՞ է ԵԿՄ-ն ուղեկցում Փաշինյանին Արցախում

Սասուն Միքայելյանը ջանքեր կթափի՝ ցույց տալու համար իր նվիրումն ու սատարումը Փաշինյանին և այդ նպատակով ցուցադրական սցենարներ կբեմադրի

Այսօր՝ օգոստոսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժի հետ միասին Արցախ կմեկնեն նաև Երկարապահ կամավորական միության (ԵԿՄ) անդամները՝ իրենց ավտոշարասյունով: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը որոշել է մի ամբողջ շքախմբով մասնակցել Համահայկական խաղերի բացման արարողությանը, իսկ ավելի ճիշտ՝ ներկայացուցչական ֆոն ապահովելով՝ ուղեկցել Նիկոլ Փաշինյանին դեպի Ստեփանակերտի հրապարակ:

Հիշեցնենք, Ստեփակակերտի Վերածնունդ հրապարակում Փաշինյանը, ինչպես երեկ հայտարարել էր ֆեյսբուքյան լայվի միջոցով, պատրաստվում է մեծ հավաք հրավիրել և ելույթ ունենալ Հայաստանի, Սփյուռքից ժամանած հայրենակիցների և արցախցիների առաջ:

Միանգամայն հասկանալի է, որ այս ժեստով ԵԿՄ նախագահը փորձում է մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնել. նախ այն, որ հանրության աչքի առաջ իր և Փաշինյանի միջև առկա լարվածությունը թուլացնի և ցույց տա գաղափարակից լինելը՝ Արցախի ընտրություններին Փաշինյանի համար ֆավորիտ թեկնածուի հարցում: Մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանը ջանքեր կթափի՝ ցույց տալու համար իր նվիրումն ու սատարումը Փաշինյանին և այդ նպատակով ցուցադրական սցենարներ կբեմադրի՝ հանդիպում Արցախի որոշիչ դեմքերի հետ:

Քաղաքական նրբերանգով հանդիպումների օրակարգը հայտնվել է Սասուն Միքայելյանը ձեռքին: Նիկոլ Փաշինյանը կվերադառնա Ստեփանակերտից հաջորդ օրը, իսկ ԵԿՄ-ն ողջ կազմով Արցախում կշարունակի մնալ ևս մի քանի օր:

Նախատեսվում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և տեղակալ, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի շրջայցը զորամասերում և Արցախի մի քանի բնակավայրերում, հանդիպումներ մարդկանց հետ: Բացի այդ՝ Սամվել Բաբայանի անձով ու ՔՊ-ի կողմից հակասահմանադրական որակված նրա քաղաքական նախաձեռնությունների թեմայով պայմանավորված՝ հանդիպումներ կունենան որոշ շրջանակների հետ՝ քաղաքական, ռազմական ոլորտի ներկայացուցիչների:

168.am-ը փորձեց ճշտել՝ Արցախի նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանից բացի, այլ թեկնածուների, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի հետ նախատեսվո՞ւմ է հանդիպում, թե՞ ոչ, սակայն մեր աղբյուրը միանշանակ պատասխան չտվեց:

Նրա խոսքով՝ որոշ անելիքներ ԵԿՄ օրակարգում հընթացս կորոշակիանան՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարվող այցի քաղաքական ենթատեքստը և սպասվող ելույթն Արցախի «Վերածնունդ» հրապարակում, որից պարզ կդառնա՝ ինչ ուղերձներ կպարունակի հնչող ելույթը Արցախի ներքաղաքական լարվածության և նախընտրական տրամադրությունների ֆոնին:

Սյուզի Բադոյան