Հավիտենական կյանք

Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ Մշտատև Ներկայությամբ և այդ գիտակցումը ունեցեք ամեն ժամ
Աստված


Օգոստոսի 4

 

Ախ Հիսուս, որքան ենք սիրում Քեզ և կամենում ամբողջ սրտով Քեզ ծառայել:

Իմ որդիներ, դուք երկուսով ընտրվել ու սահմանվել եք, որ Ինձ համար հզոր գործեր կատարեք: Հրաշքների ու փառքի անտես ծալքերը կբացվեն շուտով: Կյանքը ինքնին՝ փառավոր է՝ իր ամբողջության մեջ:

Այս սքանչելի Հավիտենական Կյանքը ձեր էության մեջ առեք: Հավիտենական Կյանքի այս թափանցումը ձեր հոգու, մտքի ու մարմնի մեջ՝ կմաքրի, կբժշկի, կվերանորոգի, երիտասարդ կդարձնի ու այն ձեզնից ուրիշներին կփոխանցի՝ նույն հրաշագործ զորությամբ:

«Այս է Հավիտենական Կյանքը, որ մարդիկ ճանաչեն Քեզ... և Հիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր»: Ուրեմն աշխատեք Ինձ հետ, որ մշտատև շփումով՝ էլ ավելի Ինձ ճանաչեք:

Ձեր առօրյա կյանքը լցրեք Իմ Մշտատև Ներկայությամբ և այդ գիտակցումը ունեցեք ամեն ժամ: Աշխատեք քիչը անել, բայց այդ արածը թող լինի արդյունավետ ու գեղեցիկ իրագործված:

Հիշեք, որ Հավիտենական Կյանքը միակ տևական կյանքն է, նշանակում է՝ մարդը ինչ որ անում է առանց Իմ Հոգու, առանց Իմ Կյանքի Զորության, զուր է ու անցողիկ: Ինչ որ կատարվում է Իմ Հոգով ու Կյանքով, ինքնին անմեռ է:

«Ես նրանց Հավիտենական Կյանք կտամ, և նրանք երբեք չպիտի կորչեն, ոչ էլ որևէ մեկը նրանց կարող է խլել Իմ ձեռքից»: Հետևաբար Հավիտենական Կյանքը նշանակում է նաև ապահովություն: