Դատարկաբանությունը անսահման է և ամենահետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, որոնք դրա մեջ միտք են տեսնում

Դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք դրա պատասխանատվությունը

Երևի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարթափի գաղափարով Նիկոլ Փաշինյանն իր վրայից պատասխանատվության գցելու փորձ է անում․ ինքը միայն «ժողովրդի իշխանություն» հաստատելու գաղափարի տերն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ և այլն, կիսում է ժողովրդի հետ՝ դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք դրա պատասխանատվությունը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր «Սեւան Ստարտափ Սամմիթ-2019»-ի մասնակիցների հետ հանդիպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Նրա գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

 

«Ստարտափ հեղափոխությունը և պատասխանատվության բեռը

Վերջապես «ժողովրդի վարչապետը» ճիշտ խոսեց․ «Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի շատ լավ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենյակ, բայց ունի գաղափար, և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ, և պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հավատալով դրա հաղթանակին, և, իհարկե, այդ հաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, նրանք ներկայացրին հանրությանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարևորության և հաղթելու հեռանկարի մեջ, և ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ, և որպես արդյունք այսօր ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»։

Բնորոշիչ է, որ ոչինչ չի ասվում Ստարտափի գաղափարի մասին՝ որն էր այդ գաղափարը։ Ասվածից պետք է ենթադրել, որ գաղափարը "ժողովրդի իշխանություն" հաստատելն է, որին այն ժամանակ փոքրաթիվ մարդիկ էին հավատացել։ "Գաղափարը" ժողովուրդն ընդունեց և այդ փոքրաթիվ մարդիկ դարձան "ժողովրդի իշխանություն", այդ իսկ փաստով երջանկացնելով ժողովրդին։

Մի կողմ դնենք այդ ողջ դեմագոգիան, ինչպես նաև "ժողովրդի իշխանություն" հաստատելու համար խոստացված քայլերը՝ Սահմանադրության փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք և այլն, և այլն, որոնք կարող էին ինչ-որ բովանդակության հաղորդել "հեղափոխությանը"։ Կենտրոնանանք միայն Ստարտափի գաղափարի վրա, որին ֆինանսավորում է պետք։

Ասվածից ստացվում է, որ "հեղափոխություն" ստարթափը պետք է վաճառել ներդնողներին, իսկ մենք այդ էկսպերիմենտի փորձադաշտն ենք։

Հարց, ով պետք է ֆինանսավորի՝ "ժողովուրդը", ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը, Ռոկֆելլերը, Բիլ Գեյթսը, "սփյուռքը", թե մեկ ուրիշը։ Հաստատ ֆինանսավորողը ժողովուրդը չի, ժողովուրդը սպասում է "ստարտափի" դիվիդենտներին, որն իրեն խոստացվել է։

Հաջորդ հարց, ինչն է կարող գրավել ներդնողներին․ Հայաստանի բիզնես միջավայրը, հսկայական շուկան, մարդկային ռեսուրսները, միջազգային ճանապարհային խաչմերումներում գտնվելը ապա դա անհեթեթ է, Չինաստանը, Վետնամը, Մալազիան ․․․ թողած, ինչու պետք է ներդրում կատարվի Հայաստանում։ Եթե "մասնաբաժինը" "քաղաքական" դիվիդենտն է, ապա որոնք են դրանք, և առհասարակ, ինչ քաղաքական "դիվիդենտներ" է կարող առաջարկել Հայաստանը՝ աշխարքաղաքական զիջումներ, որևէ քաղաքական բլոկի մեջ մտնելը մի այլ բլոկի դեմ խաղալը, նոր լոգիստիկ նախագծերին մասնակցելը ․․․ ։ Դրանից ոչ մեկը չի երևակվում։

Եթե ստարթափի միակ գաղափարը "ժողովրդի", այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատումն է, ապա դա ստարթափ է իր համար, բայց մյուսների՝ "ժողովրդի", շահույթը, կամ մասնաբաժինը որն է, անհասկանալի է։

Դատարկաբանությունը անսահման է և ամենահետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, որոնք դրա մեջ միտք են տեսնում։

Երևի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարթափի գաղափարով իր վրայից պատասխանատվության գցելու փորձ է անում․ ինքը միայն "ժողովրդի իշխանություն" հաստատելու գաղափարի տերն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ և այլն, կիսում է "ժողովրդի" հետ՝ դուք եք արել հեղափոխությունը, դուք էլ կրեք դրա պատասխանատվությունը»։