Եկեք մարզադաշտ. Արթուր Վանեցյան

Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել ֆուտբոլասերներին.

«Այսօր Գյումրիում և Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: 

Օրեր անց մեկնարկելու է նաև Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 թիմեր: Բնականաբար սրանք ուրախացնող, հույս ներշնչող թվեր են:

Հուլիսին Երևանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների եզրափակիչ մրցաշարը, որի կազմակերպումը միջազգային փորձագետների, ՈւԵՖԱ-ի ղեկավարների կողմից արժանացավ ամենաբարձր գնահատականների: Հայաստանը, Երևանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարի ամբողջ ընթացքում եվրոպական ֆուտբոլի կենտրոններից մեկն էր: Այդ մրցաշարի դրական մթնոլորտը, բարձր կազմակերպվածությունը կարծես փոխանցվել է եվրագավաթներում հանդես եկող մեր թիմերին. «Արարատ Արմենիան» եւ «Փյունիկը» շարունակում են իրենց ելույթները, «Ալաշկերտն» էլ պայքարը լքեց արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելով:

Եվրագավաթների պատմության ընթացքում արդեն այս պահի դրությամբ Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել և դեռ հույսեր կան, որ մեր թիմերը էլ ավելի կզարգացնեն այս հաջողությունները:

Արձանագրված դրական միտումները պետք է շարունակվեն նաև Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարում:

Կոչ եմ անում մեր թիմերին՝ մրցաշարի ընթացքում ներդնել իրենց ամբողջ կարողությունները, առաջնորդվել արդար խաղի, մրցակցի նկատմամբ հարգանքի սկզբունքներով:

Կոչ եմ անում ֆուտբոլասերներին՝ եկեք մարզադաշտ, երկրպագեք ձեր նախընտրած թիմերին:

Բարի երթ»։