Երեւանյան տրանսպորտի աշխատանքի նրբությունները. կանգա՞ռ, չէ՛, չենք լսել

Հենց տրանսպորտի վատ աշխատանքով է պայմանավորված թեթեւ մարդատար ավտոմեքենաների թվի աճն առաջին հերթին Երեւանում

2019թ. հունվարի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է 68 000 ավտոմեքենա, իսկ 2018թ. ընդամենը 67 000 ավտոմեքենա: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Իսկապես, տարեցտարի հանրապետությունում ներմուծվող ավտոմեքենաների քանակի աճ է գրանցվում, դրանց թիվը վաղուց հատել է կես միլիոնը:

Հենց դրանով են պայմանավորված մայրաքաղաքում խցանումներն ու երթեւեկության ծանրաբեռնվածությունը: Սակայն տրանսպորտի աշխատանքի եւ ավտոմեքենաների թվի աճի միջեւ ուղիղ կապի հարցը շրջանցվում է:

Հենց տրանսպորտի վատ աշխատանքով է պայմանավորված թեթեւ մարդատար ավտոմեքենաների թվի աճն առաջին հերթին Երեւանում: Ստիպված ենք հաստատել՝ Երեւանում հասարակական տրանսպորտից օգտվելն անհարմար է, տհաճ, հաճախ վտանգավոր, հաճախ էլ՝ պարզապես նվաստացուցիչ:

Բարդ հարց՝ ո՞ւմ է հանձնարարված ուղեւորների տեղափոխումը: Դատելով ճանապարհին վարորդների մեծ մասի պահվածքից՝ կարելի է ասել, որ ճանապարհային երթեւեկության կանոնների մասին նրանց պատկերացումներն ընդհանուր են: Վերջերս համացանցում տարածվեցին տեսագրություններ վարորդների «քաջությունների» մասին, հատկապես «առանձնացողներն» աշխատանքից ազատվեցին:

Տրանսպորտի թվի պակասի պատճառով ուղեւորները խորամանկություն են անում՝ փորձելով առաջինը կանգնել կանգառում: Արդյունքում կանգառը հասնում է կանգառի իրական վայրից մի քանի մետր հեռու: Շատ ուղեւորներ տեղափոխելու վարորդների ձգտումը հասնում է նրան, որ նրանք կանգնում են որտեղ հարմար է՝ թքած ունենալով անվտանգության տարրական կանոնների վրա: Մեծ մասը ուղեւորներին իջեցնում է երկրորդ կամ երրորդ գծի վրա:

Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ կանգառների զգալի մասը գտնվում է անմիջապես խաչմերուկնեից հետո: Եթե նույնիսկ երթուղայիններն ու ավտոբուսները կանգնում են առաջին գծի վրա, դրանցից հետո եկող մեքենաները մտնում են խաչմերուկի հոսքի մեջ, իսկ արդյունքը՝ խցանում, լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ ՃՏՊ: Իհարկե, լուրջ ՃՏՊ-ից հետո որոշ ժամանակով կարգուկանոն է հաստատվում, ապա ամեն ինչ կրկին վերադառնում է իր հունին, ձեւավորվում է անպատժելիության եւ անփութության արատավոր շրջան: