Օսիպյանն ի՞նչ է մտածում, այստեղ խուժանանոց են դարձրել

Արմենակ Ուրֆանյանի մայրը կոչ է անում Եռաբլուրում սահմանել խիստ հսկողություն

Արդեն տեղեկացրել էինք, որ անհայտ անձինք Եռաբլուրում վնասել  են ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։

Հերոսներից շատերի ծնողները լուրը տարածվելուց անմիջապես հետո արդեն Եռաբլուրում էին։

Գրիգոր Հարությունյանի մոր՝ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ մինչև Եռաբլուր հասնելը, շիրմաքարերն արդեն մարքած են եղել։ Այս ամենը հերոսի մորը չի զարմացնում, քանի որ արդեն երկրորդ անգամ են իրեն ցավեցնում, առաջին անգամ որդու քարը գողացան բակի ցայտաղբյուրի մոտից, հիմա էլ շիրմաքարն են պղծել։

«Միայն սրբապիղծ մարդը կարող է նման բան անել, չգիտեմ՝ ի՞նչն է պատճառը եղել»,- նշեց տիկին Անահիտը։

Եռաբլուրում էր նաև Արմեն Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, ում խոսքով՝ որդին ու ընկերներն իրենց կյանքը տվել են նաև սրբապիղծների համար։

«Սա առաջին դեպքը չէ, գողություն են անում՝ չեն բռնում, պարոն Օսիպյանն ի՞նչ է մտածում, այստեղ խուժանանոց է, Եռաբլուրը դարձրել են չգիտեմ ինչ, սա մեր սրբավայրն է, կարծում եմ՝ բոլորիս։ Մեզ երկրորդ անգամ է ժողովուրդը թաղում ու հանում։ Որ ասում եմ՝ որևէ մեկին մեր վիշտը չի հետաքրքրում, դուք ասում եք՝ չէ,  ժողովուրդը ձեր հետ է, ո՞ւր է, որ մեզ հետ է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ վանդալիզմ իրականացնողները պետք է հայտնաբերվեն և ստանան համապատասխան պատիժ։ Նա նաև ընդգծեց, որ ապրիլյան պատերազմի հերոսները թշնամիներ չունեն, իսկ արածն էլ չի կարող դիտավորություն համարել, բայց որ երկու տարի շարունակ ապրիլի 2-ին Եռաբլուրից գողություն արեցին, դա չի կարող դիտավորություն չհամարել։

«Ամբողջ Եռաբլուրի տարածքում պետք է տեսախցիկներ դնեն, սա առաջին դեպքը չէ, թող սահմանեն խիստ վերահսկողություն, այս երեխաները հանուն ինչի՞ զոհվեցին, հանուն մեր տառապանքների՞»,- եզրափակեց Հ. Ներսիսյանը։