Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով 9 հայերի կալանքը երկարաձգվել է երեք ամսով

ՌԴ քննչական կոմիտեի նախաքննության ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամսով

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրվող չորս հայ ամբաստանյալների կալանքը երկարաձգել է երեք ամսով:

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից:

Ըստ շրջանային դատարանի որոշման` Արթուր Հակոբյանը, եղբայրներ` Համլետ և Հրանտ Հայրապետյաններն ու Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը:

ՌԴ քննչական կոմիտեի նախաքննության ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամսով:

Իր հերթին Վոլոկոլամսկի քաղաքային դատարանը նախօրեին նմանատիպ միջնորդություններ էր բավարարել գործով անցնող մյուս ամբաստանյալների` Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի,Ռուդիկ Մանուկյանի,Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի դեմ:

Քրեական գործի շրջանակում արդեն իսկ հետախուզում է հայտարարարված Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ:

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում կալանավորվել է Գրիգոր Օհանյանը, ով «ԲիրՀաուս» բարի սեփականատերն է, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը: