Նոր թաղանթը կարող է փոխարինել աչքի ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջներին

Տեսականորեն նման թաղանթը կօգնի ունենալ եզակի իմպլանտատ

Օկայամայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆոտոէլեկտրական թաղանթը կարող է խթանել դեգեներացիայի ենթարկված աչքի ցանցաթաղանթի հյուսվածքները։

Ինչպես նշում է News-medical.net-ը, OURePTM-ը թաղանթ է, որն ստանում են պոլիէթիլենը դնելով երկու ալյումինաթիթեղների միջեւ (մամլիչ) եւ հալելով։ Այդ թաղանթը հետո ենթարկվում է քիմիական ռեակցիայի, որում թաղանթի մեջ ներդնում են ֆոտոէլեկտրական ներկանյութ՝ օրգանական մոլեկուլ, որը կլանում է լույսը եւ ի պատասխան էլեկտրական ազդանշաններ արձակում։ Լույսի ազդեցության տակ OURePTM թաղանթը գեներացնում է էլեկտրական պոտենցիալի փոփոխություններ։

Հետազոտողները սկզբում թաղանթը տեղադրել են էլեկտրական պոտենցիալի չափման սարքում եւ այն ենթարկել թարթող լույսի ազդեցությանը։ Սարքն ապացուցել է, որ թաղանթն իսկապես աշխատում է։ Այնուհետեւ այն տեղադրել են դիստրոֆիկ հյուսվածքների մակերեսին, ինչը հանգեցրել է էլեկտրական ազդակների ուժեղացմանը վնասված ցանցաթաղանթում։

Տեսականորեն նման թաղանթը կօգնի ունենալ եզակի իմպլանտատ, որը կարող է փոխարինել ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջներին։ Բայց ժամանակ է հարկավոր՝ պարզելու համար, թե կարելի է արդյոք այն այդպես օգտագործել։