ԱՄՆ-ը ցանկանում է որքան հնարավոր է շուտ զորքերը դուրս բերել Աֆղանստանից. Պոմպեո

Ես հույս ունեմ, որ մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալի առաջընթաց կունենանք, որի մասին կկարողանանք հայտարարել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի հայտարարել է, որ լրագրողները ճիշտ չեն հասկացել իր խոսքերը եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հստակ ժամկետներ չկան, բայց Վաշինգտոնը մտադիր է որքան հնարավոր է շտապ անել դա։ Նա մեկնաբանել է իրավիճակն Աֆղանստանի շուրջ՝ պատասխանելով լրագրողների հարցերին Բանգկոկում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարների հետ հանդիպման մեկնելուց առաջ։ Զրուցի սղագրությունը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի ամերիկյան դիվանագիտության շեֆն ասել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են կրճատել Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների թիվը մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերին։

«Ես տեսել եմ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այդ մասին։ Ես կցանկանայի, որպեսզի լրագրողները շատ ավելի զգույշ լինեին այն նորությունների հարցում, որոնք հաղորդում են։ Նրանք ճիշտ չեն հասկացել։ Վերջնական ժամկետներ չկան»,- ասել է Պոմպեոն։

«Մենք կկրճատենք մեր օպերատիվ գործունեությունն Աֆղանստանի տարածքում այնքան արագ, որքան կարող ենք»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։ Պետքարտուղարի խոսքով՝ Աֆղանստանում ԱՄՆ ներկայության կրճատումը պետք է համապատասխանի այլ խնդիրների, «որպեսզի ապահովվի Աֆղանստանի տարածքում ահաբեկչության վերացման համարժեք պլանի առկայությունը»։

Հեռանալ Աֆղանստանից որքան հնարավոր է շուտ

Պոմպեոն ասել է, որ Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը շարունակում է բանակցություններ վարել աֆղանական կառավարության ներկայացուցիչների եւ «Թալիբան» շարժման հետ, որպեսզի «մշակի խաղաղության եւ հաշտության հասնելու պլան, որը թույլ կտա (ԱՄՆ-ին) իրականացնել Աֆղանստանից որքան հնարավոր է շուտ զորքերի դուրսբերումը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը»։

Խոսելով երկուշաբթի արված հայտարարության մասին՝ Պոմպեոն նշել է. «Ես հույս ունեմ, որ նրանք (ամերիկյան զորքերը) կհեռանան (Աֆղանստանից) ոչ միայն մինչեւ (2020 թվականի) հաջորդ ընտրությունները, այլեւ մինչեւ այսօր (Բանգկոկում) վայրէջք կատարելը։ Մեր խնդիրն այն է, որպեսզի դա անենք որքան հնարավոր է արագ եւ որքան հնարավոր է ավելի պատասխանատու՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որն արել է Հալիլզադը վերջին վեց կամ յոթ ամիսներին»։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում՝ «տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցությամբ»։ «Մենք կունենանք հստակ պլան, թե ինչպես ենք պահպանելու մեր դիրքը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Ես հույս ունեմ, որ մի քանի շաբաթվա ընթացքում մենք զգալի առաջընթաց կունենանք, որի մասին կկարողանանք հայտարարել»,- ամփոփել է Պոմպեոն։

Հունիսին պետքարտուղարն ասել էր, որ Վաշինգտոնը հույս ունի պայմանավորվածություն ձեռք բերել «Թալիբան» շարժման հետ Աֆղանստանում խաղաղության մասին մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Թալիբների հետ բանակցությունների վերջին ռաունդի արդյունքներով Հալիլզադը տեղեկացրել էր, որ կողմերը հասել են առաջընթացի խաղաղության համաձայնագրի բոլոր չորս բաժինների վերաբերյալ՝ հակաահաբեկչական երաշխիքներ, զորքերի դուրսբերում, մասնակցություն ներաֆղանական երկխոսությանը եւ բանակցություններին, ինչպես նաեւ մշտական ու համապարփակ հրադադար։

Ռազմական գործողությունն Աֆղանստանում շարունակվում է արդեն ավելի քան 17 տարի՝ 2001-ի հոկտեմբերից։ 2010-2013 թվականներին արեւմտյան ուժերի թվաքանակն այդ երկրում գերազանցում էր 150 հազարը։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ հիմնական մարտական ուժերը Աֆղանստանից դուրս բերվեցին 2014 թվականին, իսկ հիմա այդ երկրում մնում է հրահանգիչների եւ դաշինքի խորհրդականների 14 հազարանոց առաքելությունը, գրում է news.am: