Համայնքներում զբոսաշրջության զարգացումը կապված է զարգացած ենթակառուցվածքների հետ. Պապիկյան

Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը
զբոսաշրջություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը  ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածներում:

Առաջին կանգառը Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման  ճանապարհահատվածն է: Այստեղ արդեն ավարտված են մի ճանապարհահատվածի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են, որ ներկայումս կատարվում են  ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ:

Նախարար Պապիկյանն այցը շարունակել է Մ8 Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում, շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքը, շինարարության ժամանակ ի հայտ եկող խնդիրները: Այստեղ աշխատանքները նոր են մեկնարկել , նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործել մինչև սեպտեմբեր:

Սուրեն Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ զրույցում կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և նշել է, որ նախարարության մշտական վերահսկողության տակ են լինելու ինչպես շինաշխատանքների որակը, այնպես էլ աշխատանքների՝ ըստ ժամանակացույցի  իրականացումը՝ հաշվի առնելով, որ վերանորոգվող ճանապարհահատվածները գտնվում են  միջպետական ճանապարհների վրա: Այցի շրջանակում նախարարը եղել է նաև ասֆալտի գործարանում, ծանոթացել ասֆալտի ստացման ընթացքին:

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհահատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և  բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է  51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են  հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:

Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների  ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում՝  մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:

Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը   ոչ պակաս կարևոր է համարել  զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ  ունենալու հանգամանքը: