Աղբահանությամբ զբաղվող նորաստեղծ պետական հիմնարկը գործում է ոչ արդյունավետ, ոչ համակարգված կերպով, որի արդյունքում կարող ենք տեսնել, որ դատարկ աղբամանին կարող է սկզբում մոտենալ «Սանիթեքի» մեքենան, հետո համայնքային հիմնարկի մեքենան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության դիմաց հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, տպավորություն է, որ «Սանիթեքը» եւ քաղաքապետարանը խռոված են իրարից, եւ չեն ցանկանում ուղիղ իրար հետ քննարկում ունենալ:
«Երբ 2018 թվականին քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը տուգանեց «Սանիթեքին» դա սրտհովանք էր քաղաքացիների համար, բայց նոր իշխանությունն այնպես պետք է խնդիրը կարգավորեր, որ այլեւս ոչ տուգանքի, ոչ փոխադարձ մեղադրանքների եւ քաղաքային ամբիոնից մասնավոր կազմակերպությանը հաթաթաներ տալու միջոցով խնդիրն այդպես չլուծվեր:
Ես կարծում եմ այս ամենի մեղավորությունը կրում է երկու կողմը, բայց դրա քաղաքական պատասխանատվությունը որպես Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի իրականացման երաշխավորի, գլխավորապես պատկանում է Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց Խաժակյանը:
Նա կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է իր մասնակցությունն ունենա «Սանիթեք»-քաղաքապետարան խնդիրների լուծմանը. «Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի. նախ նա կրում է քաղաքական պատասխանատվություն այս իրավիճակի համար: երկրորդ, քաղաքապետարանն ու «Սանիթեքը» այրել են այն կամուրջները, որով հնարավոր կլիներ քննարկում իրականացնել»:
0Comments