Շունը փակել է գնդակի ճանապարհը հանուն մարդու փրկության

Ընկերուհիս եւ քույրս բղավում էին, եւ ես մտածեցի, որ նրանք վիրավորել են քրոջս ընկերոջը

Հարավաֆրիկյան Միչելս-Փլեյն արվարձանում Գուլուվա (Guluva) անունով շունը դնչից հրազենային վիրավորում է ստացել՝ տղամարդուն պաշտպանելով հանցագործներից, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով News24-ին։

Շան տերը՝ Դերիք Մֆենգվանան (Derrick Mfengwana), ասել է, թե ինչպես հուլիսի 17-ին Գուլուվան փրկեց իր քրոջ սիրեցյալի կյանքը։ Նրա խոսքով՝ երիտասարդը մեքենան Volkswagen Golf V կանգնեցրել էր եւ փորձել բացել դարպասները։ «Այդ պահին անհայտ անձն ատրճանակով մոտեցել է նրան թիկունքից եւ հրամայել տալ մեքենայի բանալիները»,- ասում է Մֆենգվանան։

Չորս տարեկան Գուլուվան վազել է բակ եւ սլացել ավազակներից մեկի վրա։ Հանցագործը կրակել է շանը։ Մինչ չարագործները «զբաղվել» են շնով, երիտասարդին հաջողվել է թաքնվել անվտանգ տեղում։ Դրանից հետո գողերը հեռացել են այդտեղից։

«Ես տանը ֆիլմ էի նայում եւ կրակոց լսեցի։ Ընկերուհիս եւ քույրս բղավում էին, եւ ես մտածեցի, որ նրանք վիրավորել են քրոջս ընկերոջը։ Ես տանն արյան հետքեր նկատեցի,- բացատրում է Մֆենգվանան։- Այդ ժամանակ ես բակ դուրս եկա եւ տեսա, որ շունս արնաքամ է լինում։ Նա գիտակցությունը չէր կորցրել եւ վազում էր բակում»։

Տերը Գուլուվային տարել է Ֆիլիպի քաղաքի անասնաբուժական կլինիկա։ Ներկա պահին քաջարի շունը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն եւ կայուն վիճակում է։ Շունը կլինիկայում կմնա մոտ երեք շաբաթ։

Հարավաֆրիկյան Հանրապետության Արեւմտյան Կապի նահանգի ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննությունը։