Արևաշող դաշտեր

Ապրեք Ինձ հետ. Հաղթական Քրիստոսի հետ, և Հաղթանակի Ուրախությունն ու Խաղաղությունը ձերը կլինի
Աստված առաջնորդում է


Հուլիսի 29

Տեր, օրհնիր մեզ իրիկվա այս ժամին, Քո մեծ գթությամբ բժշկիր ամենքիս:

Մի կարծեք, թե տառապանքը միակ ճանապարհն է, որ առաջնորդում է ձեզ դեպի Իմ Թագավորությունը: Կան նաև արևով ողողված դաշտեր, չքնաղ ծաղկաստանների միջով անցնող ճանապարհներ, որտեղով անցնող մարդկանց քայլերն ու սրտերը Ինձ ճանաչելու հիացումն են ապրում:

Այդ ճամփեքին կան ուղեկցող թռչուններ, հպանցող մեղեդիներ՝ ճաճանչող օդի մեջ, պարզ ընկերակիցներ ու ուղեկիցներ մտերիմ, մի խոսքով՝ հրճվանքի ճանապարհ, որ բացվում է Իմ Թագավորության դեմ: Արքայություն տանող ճանապարհները՝ բոլորն էլ դժգույն, ցուրտ, ամայի, փշածածկ ու քարքարոտ չեն:

Ամեն ինչ Ինձ թողեք. և ճանապարհի ընտրությունը, և առաջնորդելը՝ այդ ճանապարհին: Իսկ երբ առավոտի արեգակն իր լույսը բացելով սփռի՝ ընդունեք այն զվարթությամբ:

Անգամ Հոգևոր Աշխարհի մեջ գնահատանքն ու ուրախությունը՝ արդյունք են իրար հակառակ փորձառության: Տանը ճարճատող վառարանն ավելի սիրելի է այն ճամփորդին, ում ճանապարհներն անցել են ցուրտ ճահճուտների ու խլացնող փոթորիկների միջով:

Դրոշմեք ձեր սրտին զվարթություն ներշնչող այս պատգամը. Աստված երբեք թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձության ենթարկվեք, այլ՝ փորձության հետ կտա նաև հնարը, որպեսզի կարողանաք տանել այն:

Աշխարհը՝ Արքայությունը չէ: Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. բայց քաջալերվեք. Ես հաղթեցի աշխարհին: Ապրեք Ինձ հետ. Հաղթական Քրիստոսի հետ, և Հաղթանակի Ուրախությունն ու Խաղաղությունը ձերը կլինի: