Թրամփը սպառնացել է «Մակրոնի հիմարությանը» պատասխանել ֆրանսիական գինու համար մաքսատուրքերի բարձրացմամբ

Սպիտակ տունը մեկնաբանություն է հրապարակել, որում Փարիզի որոշման առնչությամբ հիասթափություն է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի:

«Քիչ առաջ Ֆրանսիան թվային հարկ է սահմանել մեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ: Եթե որևէ երկիր պետք է հարկի այդ ընկերություններին, դա նրանց հայրենիքը՝ ԱՄՆ-ն է: Մենք շուտով Մակրոնի հիմարությանն ի պատասխան նոր միջոցներ կձեռնարկենք: Ես միշտ էլ ասել եմ, որ ամերիկյան գինին ֆրանսիական գինուց լավն է»,- թիվթերյան իր էջում գրել է Թրամփը:

Ավելի ուշ, Սպիտակ տունը մեկնաբանություն է հրապարակել, որում Փարիզի որոշման առնչությամբ հիասթափություն է հայտնել և ընդգծել, որ Ֆրանսիայի ձեռնարկած միակողմանի միջոցն ուղղված է ամերիկյան նորարարական տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք ծառայություններ են մատուցում տնտեսության բացառիկ ոլորտներում:

Վաշինգտոնի վարկածով՝ այդ քայլն ապացուցում է, որ Ֆրանսիան հակված չէ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների հետ շարունակվող բանակցությունների հաջող արդյունքին:

Հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ էր ընդունել, որով նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ սահմանել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը կարող է այնպիսի խոշոր ընկերությունների մասին լինել, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը, Google-ը, գրում է tert.am: