Նիկոլ եղբայր, խելքդ խոդ տուր, քանի դեռ միայն քո վրա է ժողովուրդը հույս դնում

Նիկոլ ջան, դու որ մեջտեղից ճղվես, քո շուրջը մի սուրու ոչխար հավաքելով՝ չես կարողանա տնտեսական հեղափոխություն կազմակերպել

Հայաստանը նման է այն օրգանիզմին, որը տառապում է աուտոիմուն քրոնիկական հիվանդությամբ։ Այսինքն՝ նրա բոլոր ուժերը, որոնք պետք է պայքարեն առողջությունը պահպանելու համար, հակառակը՝ խաթարում են այն։ Այսպիսի ախտորոշման են հանգեցնում մեր պատմական անցյալի շատ դրվագներ ու մեր ներկայի պատկերը։ Բայց այդ հիվանդությունը կանխելու համար մեզ մոտ պետական մտածողություն դեռեւս չի ձեւավորվել։ Բոլորն ուզում են այն քաղաքական աղոթքներով ու թուղթուգրերով բուժել։ 

Շուրջ 30 տարի առաջ այդ քրոնիկ հիվանդությունը սրացավ, արդյունքում մեր երկիրը կորցրեց իր տնտեսությունը, չապաքինվեցին մեր ժողովրդի արյունաքամ վերքերը, կրթությունը դարձավ ինքնանպատակ՝ մեր հասարակական ու ազգային խնդիրներին անհաղորդ, մշակույթը մղվեց հետին պլան, եւ հիվանդաբեր քաղաքական մանրէներն սկսեցին վխտալ մեր անպաշտպան օրգանիզմում։ Իսկ երբ արդեն անգղներն էին սկսել մեզ ծվատել, Նիկոլ անունով սրտացավ մի բժիշկ թավշյա հեղափոխություն կոչվող դեղամիջոց ճարեց ու մեզ ներարկում արեց։ Հիմա փրկիչ բժիշկն այդ դեղորայքն արդեն հարվածային դեղաչափերով չի կիրառում, անցել է կաթիլային ներարկման եղանակին։ Այս հրաշք միջոցը  պետք է սկիզբ դներ մեր երկրի առողջացմանը, սակայն վրա հասան կողմնակի ազդեցությունները։

Գիշեր-ցերեկ մեր կառավարության մոտ ցույցեր են ընթանում։ Հայաստանում ճամփափակոցին դարձել է ազգային սովորույթ։ Մեկին ոռոգման ջուր չի հասնում, տաքսիները փողոցներում կայանելու տեղ չունեն, ապրանք ներկրողները խնդիրներ ունեն, Սեւանը կանաչել է, լեռնային գյուղերը հանքարդյունաբերության պոչամբարների են վերածվել, մարդիկ աշխատանք չունեն...  
Մենք ի՞նչը փոխեցինք, երբ ժողովրդի մոտ կյանքը դարձել է խնդիրների շղթա, եւ այդ խնդիրների լուծումով զբաղվող իշխանություն չունենք։ Նիկոլն ասում է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքով։ Մեկը չկա, հարցնի՝ ո՞ր օրենքով, երբ հենց օրենքներն ու  օրենքների հեղինակներին փոխելու համար էր հեղափոխությունը կազմակերպվել։

Ասում ես, որ Տավուշում հարյուրավոր թափուր աշխատատեղեր կան, բայց Իջեւանի ցուցարարները հրաժարվում են աշխատել։ Դա ի՞նչ թատրոն է։ Գիշեր-ցերեկ աշխատատեղեր ստեղծելով եք իբր զբաղված, այնինչ Հայաստանում երեք անգամ ավելի շատ թափուր աշխատատեղեր կան, քան գործազուրկներ։ Հողը գյուղացու ձեռքերին կարոտ է, իսկ ժողովուրդը պարտքերի տակ ճռռում է։ Եթե բոլորը կարողանային այսօրվա աշխատավարձով տուն պահել, ապա նրանք ձեր փիլիսոփայություններին չէին նայի, կգնային ու կաշխատեին։ Իսկ եթե կա մի քանի մասնավոր դեպք, դրանք չի կարելի տարածել ամբողջ ժողովրդի վրա եւ նրան անբարեխիղճ ու ապաշնորհ համարել։

Դուք՝ ամեն մեկդ, ձեր կյանքում երբեւէ գոնե երեք հատ ձուկ ակվարիումում աճեցրած կա՞ք, գիտե՞ք, թե ինչ բան է տնտեսությունը։ Ի՞նչ եք արել մինչեւ հիմա, որ Հայաստանում գործատուի համար բիզնեսը եկամտաբեր դառնա, ու նա էլ բավարար աշխատավարձ տա աշխատողին։ Նիկոլ ջան, դու որ մեջտեղից ճղվես, քո շուրջը մի սուրու ոչխար հավաքելով՝ չես կարողանա տնտեսական հեղափոխություն կազմակերպել։ 

Փորձագետները փաստում են, որ Արարատյան դաշտից Ադրբեջանի տարածք է հոսում տարեկան մեկուկես միլիարդ խորանարդ մետր ջուր։ Նիկոլը շուկաներում ընկած՝ սրտացավանքով մրգերի գներն էր հարցնում։ Գյուղացին ոռոգման ջուր չունի, Սեւանն էլ կանաչում է։ Հիմա իմացա՞վ, թե ինչու է բալը թանկ։ Ամբողջ աշխարհում շրջանառու կապիտալի հետ ուղիղ համեմատական կապ ունի տնտեսության զարգացումը։ Նեղն ընկած քաղաքացին վերջին ծառն էլ կկտրի, ձուկն էլ կբռնի, երբ իր պապենական երկրում ապրելն անհնարին է դառնում, ձեր երեսից նաեւ գաղթի ճամփան կբռնի։ Մեզ մոտ բիզնես վարկեր գրեթե չեն տրամադրվում, իսկ նորաստեղծ կազմակերպություններին բանկերը վարկեր ընդհանրապես չեն տալիս։

Նախկին օլիգարխներից բացի, հիմա Հայաստանում ոչ մեկը փող չունի։ Սկսնակ գործարարները պետք է իրենց բիզնեսն սկսեն զրոյից։ Ձեր համար տնտեսությունը մութ անտառ է։ Աստված անգամ ոչնչից ոչ մի բան չի կարողացել ստեղծել։ Այնպես որ՝ «հու, հու, դըմփ»-ը բիզնեսի համար մեկնարկային կապիտալ լինել չի կարող։ Դե, Նիկոլ եղբայր, խելքդ խոդ տուր, քանի դեռ միայն քո վրա է ժողովուրդը հույս դնում։ Մի՞թե հնարավոր չէ գոնե ստեղծել մի ինչ-որ հանձնաժողով, որը կարողանա զբաղվել ժողովրդին ցույցի հանող հարցերի ուսումնասիրությամբ, որ վերջ տրվի այս ցուցարարության տենդին, ու հազարավոր մարդիկ ամեն օր, իրենց բանուգործը թողած, չգան կառավարությունը շրջափակեն՝ իշխանություններին մի հեռախոսազանգի  ծավալի հարց լսել տալու համար։ Մենք մեզ ժողովրդավարական երկրում չենք զգում, երբ  տեսնում ենք, որ մի աման նեխած աղբի հեռացման համար անգամ ժողովուրդն ստիպված ցույցի է դուրս գալիս։ 

Սրտիցս արյուն է կաթում. Հայաստանում քաղաքական էլիտան խոսում է փողոցային խոսակցականով։ Եթե նա ռաբիս է իր պահվածքով, նրանից ինչպե՞ս պետական մտածողություն ու տնտեսական հրաշքներ  պահանջենք։ Համալսարանում բանասիրական կրթություն ստացած ու հարյուր տարի լրագրող աշխատած մարդը, լինելով ժողովրդի սպասելիքներն իրագործելու համար ընտրված երկրի ղեկավար, բարձր ամբիոններից խոսում է լեզվական տարրական սխալներով։ Նիկոլ ջան, կարո՞ղ է ուզում ես, որ ժողովուրդը հայոց լեզուն էլ մերժի։ Մի ռաբիսացրեք մեր երկիրը։ Երբ երեխան տեսնում է, որ իր երկրի ղեկավարը երրորդ դասարանի հայոց լեզվի դասագիրքը չի կարդացել, նա մեծ մարդ դառնալու երազանք չի փայփայելու։ Մեր բակի երեխաներն ինձ ասել են, որ Նիկոլին բաց նամակով խնդրեմ, որ խոսելիս գոնե «ուզում եմ գնամ» արտահայտությունը փոխարինի «ուզում եմ գնալ»-ով։ 

Մենք՝ հայերս, այս քաղաքակրթության տիեզերքում պետք է վերագտնենք հայկականության հաշվանքային համակարգի արեգակը, որը պետք է մեզ ձգի եւ ուղեծիր թելադրի, որի շուրջը պետք է պտտվենք ու կենարար լույս ստանանք։ Այդ արեգակը մեր ստեղծարար ոգին է, աշխարհը ոգեղենացնող մեր մշակույթն ու մեր հանապազօրյա խաղաղ աշխատանքը։ Ահա թե ինչին պետք է միտված լիներ մեր հեղափոխությունը։

Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն

hraparak.am