Եթե ՍԴ նախագահ դարձվի Վահե Գրիգորյանը, դա չի նշանակում, որ նույն Փաշինյանը կարող է ապահովված լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիգրան Քոչարյանի խոսքերով ներկա պահին ճակատամարտը դրա շուրջ է, և Սահմանադրական դատարանի պաշտոնի համար այս կռիվը հիմնականում պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահին առնչվող դատական գործերով

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներքաղաքական պրոցեսները որակեց՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից ամբողջ իշխանական համակարգը սեփական տիրապետման տակ տանելու պրոցես: Ըստ Տ. Քոչարյանի՝ Գործադիրի ու Օրենսդիրի հարցում վարչապետը հաջողել է, և մնացել է միայն Դատական իշխանությունը:

«Մենք տեսնում ենք՝ ներկա պահին ճակատամարտը դրա շուրջ է, և Սահմանադրական դատարանի պաշտոնի համար այս կռիվը  հիմնականում պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահին առնչվող դատական գործերով, որովհետև Ն. Փաշինյանը և նրա շրջապատը վստահ չեն, որ ՍԴ-ն այն որոշումը կընդունի, որը ձեռնտու է Փաշինյանին: Եվ դրա համար բոլոր հնարավոր օրինական և ոչ օրինական ձևերով փորձում են ՍԴ-ն իրենց տակ վերցնել»:

Մեդիափորձագետը համոզված է, որ ամեն տեղ յուրայիններ ունենալու տրամաբանությամբ փորձ կարվի նաև ՀՀ նախագահի և ՄԻՊ ինստիտուտները, նաև որոշ ուժային կառույցներ «փաշինյանական թևի տակ դնել» :

«Ընդ որում՝ արդեն զգացվում է շտապողականություն, և խորհրդատուներն այդքան էլ լավ չեն պատկերացնում հնարավոր արձագանքները. արդեն Վենետիկի հանձնաժողովից ունենք արձագանք:

Նույն Մարտի 1-ի հետ կապված՝ գործի հիմնավորման առնչությամբ ՄԻԵԴ-ը նույնպես իր հարցերը կտա, բայց երևի թե կա ինչ-որ մոլուցք՝ ամեն գնով Քոչարյանին նստացնել, և այդ ճանապարհին որևէ բանի առջև  չի կանգնում»,- ասաց նա:

Տ. Քոչարյանը, սակայն, վարչապետ Փաշինյանին խորհուրդ տվեց ուշադիր լինել՝ չանել քայլեր, որոնք հետո իր դեմ դուրս կգան. «Եթե ՍԴ նախագահ դարձվի Վ. Գրիգորյանը, դա չի նշանակում, որ նույն Փաշինյանը կարող է ապահովված լինել, քանի որ  Վ. Գրիգորյանն այլ ուժի ներկայացուցիչ է, որը ներկա պահին Փաշինյանի դաշնակիցն է. որևէ երաշխիք չկա, սակայն, որ այդ ուժը չորոշի իր վարչապետն ունենալ: Իսկ ունենալով բարձագույն դատական ատյանում նախագահ սեփական մարդուն՝ դա շատ հեշտ է. ցանկության դեպքում նույն Սահմանադրական կարգի տապալումը կարելի է բարդել և՛ «Իմ քայլ»-ի վրա, և՛ Փաշինյանի վրա՝ կապված խորհրդարանի վրա ճնշումների,  դատարանները փակելու ակցիայի հետ»:

168.am-ի հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս պահին Ռ Քոչարյանի գործի շուրջ են բոլոր քաղաքական զարգացումները, մեդիափորձագետը պատասխանեց.

«Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ «իդեաֆիքս է»՝ շատ արագ տեսնել Քոչարյանին դատված, երևի թե իր նստած տարիներն ուզում է փոխհատուցել նրանից, որովհետև ամեն անգամ, երբ Քոչարյանի օգտին ինչ-որ դատական որոշումներ են ընդունվում, ջղաձգվում է, ամեն անգամ, երբ պրոքոչարյանական որոշում է ընդունվում, դատարաններ են սկսում փակել, դատավորի մոտ խուզարկություն են անում, առգրավվում են համակարգիչը… Ըստ իս՝ այստեղ զուտ անձնական պահ կա՝ մարդն իր համար որոշել է, որ Ռ. Քոչարյանը պետք է նստի, և այդ ճանապարհին միակ խանգարող հանգամանքը ՍԴ-ն է»:

Մեր հաջորդ հարցին, թե՝ արդյո՞ք Ն. Փաշինյանը հաջողության կհասնի այդ ճանապարհին, բանախոսը պատասխանեց. «Հայաստանի ներսում կարող է բոլոր հաջողություններն արձանագրել՝ «նապոռ տալով», համաժողովրդական «ակցիաներ» կազմակերպելով, քրեական գործեր հարուցելով, բայց մենք Վենետիկի հանձնաժողովի զգուշավոր ռեակցիայից էլ արդեն տեսանք՝ ապագայում խնդիրներ են առաջանալու»:

Առհասարակ Քոչարյանի մասին հասարակական կարծիքները  փորձագետը համարեց իրարամերժ. «Ասում են՝ մարդասպան, թալանչի, բայց երբ  հարց ես տալիս՝ ե՞րբ եք լավ ապրել, ասում են՝ Քոչարյանի ժամանակ»:

Ըստ նրա՝ «հակառեյտինգը», որն այսօր առկա է Ռ. Քոչարյանի պարագայում, հնարավոր է՝ վերածվի ռեյտինգի. «Նույն Տեր-Պետրոսյանը, երբ 2008 թ. մտավ ընտրական գործընթացների մեջ, ուներ բացարձակ հակառեյտինգ և տեխնոլոգիաներով շրջեց՝ դրականի մեջ մտավ»: