Փաշինյանի թքած ունենալու նուրբ արվեստը

Էլ չենք խոսում Ֆելիքս Ցոլակյանի մասին, ում հարկային եւ մաքսային մարմիններում աշխատած տարիներին կոռուպցիայի մեծ վարպետ էին անվանում

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից երեկ իմացանք, որ նա «ցնցվել» է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակից։
Ինչու է նամակը ցնցել․«Որովհետև ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018 թվականին՝ այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս, կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական ինչ֊որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում» բացատրել է նա ու նկարագրել իր պատկերացումները թե երբ որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էր, ասվում էր, որ այն երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է: «Այո՛, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակները, ըստ էության, իրենք պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած՝ իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր էսօրվա կարիքներին»։ Նիկոլ Փաշինյանը հղում է անում նաեւ Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածին՝« Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» եւ մեկնաբանում․« Ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման և պետական մարմինների միջոցով: Այսինքն, Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որտեղից և ինչպես է բխում այս Սահմանադրական դատարանի գործող նախագահի իշխանությունը: Ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ»: Տարակուսելի է, որ Վենետիկի հանձնաժողովի կոշտ արձագանքից հետո Փաշինյանը համառորեն շարունակում է ՍԴ-ի դեմ սկսած արշավը եւ պնդում նախագահի ու կազմի փոփոխության իր պլանները՝ չվախենալով, որ իշխանությանը կարող է ցանր հանցագործություն մեղսագրվել՝ իշխանության ուզուրպացիա, բայց Փաշինյանի դեպքում ոչ մի հարցում չպետք է զարմանալ։ Նրան ընդամենը պարզ հարցադրումներ է պետք ուղղել։ Իսկ ինչպես եւ որտեղից է բխում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու կազմի իշխանությունը։ Ի՞նչ կապ ունի նրա անգերազանցելի ընտրակեղծարար Տիգրան Մուկուչյանի իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ, որ Փաշինյանը նրան պահեց ու պարտադրեց, որ Մուկուչյանի անկրկնելի նկարչական ստեղծագործությունների շարքը համալրվի նաեւ հեղափոխականով։ Ինչ կապ ունի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժողովրդի հետ, երբ մի քանի տարի առաջ հանրահավաքները ցրելու մեծ մասնագետը ժողովրդին ծեծելով ու ջարդելով էր զբաղված, ինչ կապ ունի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որը ֆինանսական մանիպուլացիաների մեծ վարպետ է, երեւի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանն էլ մնացել է իր պաշտոնում, որպեսզի հպարտ քաղաքացիները «դուխները» չգցեն եւ եռամսյակը մեկ «սինգապուրյան» ցուցանիշներ վայելեն։ Էլ չենք խոսում Ֆելիքս Ցոլակյանի մասին, ում հարկային եւ մաքսային մարմիններում աշխատած տարիներին կոռուպցիայի մեծ վարպետ էին անվանում։ Հա, երեւի Քոչարյանի գործը իր ուսերին վերցրած դատավոր Արմեն Դանիելյանն էլ չի աշխատել նախկինների հետ, նախկինների իշխանության ժամանակ դատավոր չի նշանակվել ։ Սա՞ է Նիկոլ Փաշինյանի պատկերացումը ժողովրդի իշխանության մասին։ Կամ պետք է լինեն իր կամակատարները, որ դառնան իր սրտի՝ հետեւաբար ժողովրդի իշխանության պաշտոնյաները, կամ պետք է հեռանան։ Սա է մեր իրականությունը՝ ստուկների, մանրաբջջիջների, ավտորիտար բռնապետի սրի տակ անցնող պետական գործիչների ու պաշտոնյաների իշխանություն։

Անի Սահակյան

hayeli.am