Տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը. Վիկտոր Սողոմոնյան

Մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ. Քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյան

Yerevan.today-ի հարցազրույցը՝ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։

-Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերանգրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որպեսզի հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի այսպես կոչված՝ նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

-Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։

-Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

-Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։

-Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում