Ռուսական Face App հավելվածը կարող է սպառնալ ԱՄՆ-ի անվտանգությանը

Հավելվածն օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել այս տարի, սակայն մշակվել է 2017 թվականին

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չակ Շումերը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում նշել է, որ Face App հավելվածը, որը մշակվել է Ռուսաստանում, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը:

Ըստ սենատորի՝ այդ ծրագիրը վտանգ է ներկայացնում միլիոնավոր ամերիկացիների անձնական տվյալների համար: Հավելվածն օգտագործելու համար օգտատերը պարտավորվում է հասանելիության տիրույթում պահել իր անձնական տվյալները, որոնք ըստ սենատորի՝ հետագայում կարող են օգտագործվել առանց օգտատիրոջ համաձայնության: Շումերի կարծիքով՝ այն հանգամանքը, որ հավելվածը մշակվել է ՌԴ-ում, վտանգներ է պարունակում: Սենատորը չի բացառում, որ միլիոնավոր ամերիկացիների տվյալներն այս հավելվածի միջոցով կարող են հասանելի դառնալ ռուսական իշխանություններին և հատուկ ծառայություններին:

Շումերը խնդրել է ամերիկյան հատուկ ծառայություններին մանրակրկիտ ստուգման ենթարկել այս հավելվածը: Face App-ը հիմնականում նախատեսված է լուսանկարների ձևափոխության համար: Տարբերակներ կան թե՛ iOs, թե՛ Android համակարգերի համար: Հավելվածն օգտատերերի շրջանում մեծ տարածում է գտել այս տարի, սակայն մշակվել է 2017 թվականին: