ԱՄՆ-ում արհեստական բեղմնավորմամբ հղիացած կինն այլ զույգի երեխաների է լույս աշխարհ բերել

Բժիշկները շփոթել են սաղմերը
երեխա

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում արհեստական բեղմնավորմամբ հղիացած կինն այլ զույգի երեխաների է ծննդաբերել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Oddity Central հարթակը:

Բանն այն է, որ ասիական ծագման զույգը բեղմնավորման խնդիրներ է ունեցել և դիմել է CHA Fertility կոչվող կլինիկա՝ արhեստական բեղմնավորում իրականացնելու:

Զույգը ծառայության համար մոտ 100 000 դոլար է վճարել: Բեղմնավորման կլինիկան զույգից սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ է հավաքել՝ ստանալով 5 սաղմ, որոնցից 4-ն իգական սեռի են եղել:

Բեղմնավորման առաջին փորձը չի հաջողվել, սակայն անցած տարվա սեպտեմբերին կինը հղիացել է երկվորյակներով: Միակ խնդիրն այն է եղել, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարզվել է՝ պտուղներն արական սեռի են: Զույգի այն հարցին, թե ինչպես է նման բան հնարավոր՝ այն դեպքում, երբ նախնական սաղմերից միայն մեկն էր արական սեռի եղել, կլինիկայի աշխատակիցները վստահեցրել են, որ հետազոտության արդյունքը կարող է կեղծ լինել:

Արդյունքում կինը զույգ տղա է լույս աշխարհ բերել, որոնք ասիական արտաքին չեն ունեցել: Պարզվել է՝ սաղմերը խառնվել են մեկ այլ զույգի սաղմի հետ, և ասիացի զույգը ստիպված է եղել նորածիններին հանձնել կենսաբանական ծնողների խնամակալությանը:

Հայտնի չէ, թե ինչ է պատահել զույգի իրական սաղմերին: Այդ ամենից հետո նրանք դատի են տվել կլինիկային՝ բժշկական սխալի, անփութության և 14 այլ մեղադրանքներով, որոնք իրենց ֆիզիկական և հոգեբանական մեծ վնաս են հասցրել: