Գիտնականները կյանքի տևողությունը երկարացնող սննդակարգ են մշակել

Այս կերպ կազմված սննդակարգը կարող է զգալիորեն բարելավել ծխողների ֆիզիկական վիճակը

Հիմնվելով երկարամյա հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների վրա՝ գիտնականները կազմել են սննդամթերքի այն տեսակների ցանկը, որոնք նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Նշված մթերքով հարուստ սննդակարգը ոչ միայն առողջացնում է օրգանիզմը, այլև զգալիորեն երկարացնում է մարդու կյանքի տևողությունը:

Վարշավայի համալսարանի մի խումբ գիտնականներ լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել՝ վերլուծելով Շվեդիայի 70 հազար բնակչի սննդային նախասիրություններն ու առողջական վիճակը: Հետազոտությունը, որին մասնակցել են 45-83 տարեկան կամավորներ, տևել է 16 տարի և ցույց է տվել, որ մշակված հատուկ դիետային հետևողների մոտ վաղաժամ մահվան հավանականությունը ցածր էր 20%-ով: Ճիշտ սննդակարգով չսնվող կամավորներից 6000-ն այդ ընթացքում մահացել է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների հետևանքով, իսկ 5000-ը՝ օնկոլոգիական հիվանդությունների:

Մասնագետների կարծիքով՝ կյանքի տևողությունը երկարացնող սննդակարգի հիմքում հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մթերքն է: Այս սննդակարգում ներառված են ամբողջահատիկ հացը, ձիթայուղը, անյուղ պանիրը, ընկույզները, կարմիր գինին, մրգերը, բանջարեղենը, շոկոլադը, կանաչեղենն ու սուրճը:Միևնույն ժամանակ կարմիր միսը, գազավորված ըմպելիքները, չոր թեթև ուտեստներն ու չիպսերը հարակավոր է ամբողջությամբ բացառել սննդակարգից:

Այս կերպ կազմված սննդակարգը կարող է զգալիորեն բարելավել ծխողների ֆիզիկական վիճակը, ինչպես նաև ընհանուր հակաբորբոքային ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Մշտապես այս սննդակարգին հետևելու դեպքում կարելի է հնարավորինս նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ոչ կանոնավոր ճիշտ սննդակարգը նույնպես կարող է բավական լավ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, սակայն այս դեպքում արդյունքն այդքան ակնհայտ չի լինի:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org, գրում է tert.am: