Որտե՞ղ է պահվում թափառող շների դեղորայքն ու պատվաստանյութը

«Լույս» խմբակցության ներկայացուցիչների այցելությունից հետո ՀՈԱԿ-ի վարչական հատվածում ասուլիս են հրավիրել՝ ավագանու ներկայացուցիչների հայտարարությունը շանտաժ որակելով

«Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ-ում: Պայմանները սարսափելի են․ և այս ամենը՝ 149 մլն դրամով»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր այսպիսի գրառում էր կատարել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ներկայացուցիչների այցելությունից հետո ՀՈԱԿ-ի վարչական հատվածում ասուլիս են հրավիրել՝ ավագանու ներկայացուցիչների հայտարարությունը շանտաժ որակելով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է, որ մտածում են դատարան դիմելու մասին: ՀՈԱԿ-ում ներկայացրել են՝ թե՛ այն պայմանները, որոնք ունենալու են շուտով, թե՛ դեղորայքը՝ հավելելով, որ դրա պակաս չկա, ինչպես ասվում է: Ի դեպ, դեղորայքն առայժմ պահվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի աշխատասենյակին կից հանգստյան սենյակում: