Եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները

Նշենք, որ առաջիկա երկու օրերին եւս Արդարադատության նախարարության ղեկավար անձնակազմը կշարունակի աշխատել եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչեւային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) եւ Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի եւ Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է փորձագիտական այս կազմի հետ հանդիպումը եւ եվրոպացի գործընկերներին ընդհանուր գծերով ներկայացրել է Նախարարության՝ դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտների առաջանահերթությունները՝ ընդգծելով, որ մինչ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի մշակումը՝ դրա վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները քննարկվելու են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի գործիքակազմերին, պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,   ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը եւ այլ հարցերի:

Նշենք, որ առաջիկա երկու օրերին եւս Արդարադատության նախարարության ղեկավար անձնակազմը կշարունակի աշխատել եվրոպացի բարձրաստիճան փորձագետների հետ՝ դատաիրավական բարեփոխումների ճանապարհային քարտեզը պատրաստելու ուղղությամբ, գրում է news.am: