Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվել է ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

Տիգրան Բալայանը վստահեցրել է գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այսօր՝ հուլիսի 8-ին ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։ Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական է համարել, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, գրում է news.am:

Տիգրան Բալայանը վստահեցրել է գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ։