Ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի փորձով. մեզ համար այն եւս օրինակելի է

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին եւ տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն եւ տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետեւ երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Լի Սյեն Լուն ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր եւ նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջեւ համագործակցությանը տարբեր ուղղություններով: Սինգապուրի վարչապետի խոսքով` Հայաստանը եւ հայ ժողովուրդը իրենց երկրում վայելում են մեծ հարգանք ու իր գլխավորած կառավարությունը շահագրգռված է հայկական կողմի հետ ակտիվ գործակցություն ծավալելու հարցում: Լի Սյեն Լունը կարեւորել է փոխգործակցությունը տնտեսության ոլորտում, ընդգծել առեւտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ երկկողմ արդյունավետ բանակցությունների արդյունքում հայ-սինգապուրյան կապերը հետեւողականորեն կընդլայնվեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով եւ մեր երկիրը նույնպես այն համարում է օրինակելի: «Մենք շահագրգռված են խորացնելու քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցությունը, սերտացնելու կապերը ժողովուրդների միջեւ»,- ասել է վարչապետը` կարեւորելով նաեւ հայկական եւ սինգապուրյան բիզնեսի միջեւ փոխգործակցության զարգացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին` հավելելով, որ դրանց նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն: Նիկոլ Փաշինյանը, այդ առումով, հատկապես կարեւորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Սինգապուրի վարչապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային փոփոխություններն ու հավելել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսական զարգացմանն ու առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը եւ Լի Սյեն Լուն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նույնպես նոր թափ կհաղորդի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Երկու երկրների վարչապետերն ընդգծել են տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության փաստը եւ նշել, որ դրա իրացման ուղղությամբ քայլերը պետք է ակտիվորեն շարունակվեն:

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտում կապերի ընդլայնման առումով կողմերը պայմանավորվել են Սինգապուրում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր: