7 խանգարում, որոնք կապված են վահանաձև գեղձի աշխատանքի հետ

Նկատվում են բազմաթիվ խանգարումներ, որոնք էականորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա
կին

Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ, որոնք էականորեն ազդում են հիվանդի կյանքի որակի վրա: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակակից հասարակությունում ամենատարածվածներից են: Դրանք առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում:

Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, իսկ գեղձի հիվանդությունների զարգացման դեպքում դրանք խանգարվում են: Սա նշանակում է, որ կարևոր է ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու բուժում ստանալ: Որպես կանոն՝ վահանաձև գեողձի հիվանդությունները երկար են բուժվում, երբեմն պահանջվում է նաև վիրահատական միջամտություն:

Հատկանշական է, որ հիվանդությունը կարող է բավական երկար ժամանակ հստակ ախտանշաններ չունենալ, իսկ եղած ախտանշաններն էլ կարող են ընկալվել՝ որպես այլ խնդրի հետևանք: Գեղձի հորմոնների՝ նորմայից քիչ կամ շատ արտադրվելու դեպքում կարող են նկատվել մի շարք խանգարումներ:

Փորկապություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ: Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ փոփոխություններ են առաջացնում նյութափոխանակության համակարգում: Կախված ախտանշաններից՝ հնարավոր է հասկանալ՝ ինչ խնդիր ունի վահանաձև գեղձը:

Հիպոթիրեոզ

  • փորկապություն
  • սննդարար նյութերի վատ յուրացում:

Հիպերթիրեոզ

  • դիարեա
  • ցավ որովայնում
  • որովայնի փքվածություն
  • փսխում:

Դաշտանային ցիկլի խանգարում, հնարավոր անպտղություն: Վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով խանգարվում է նաև դաշտանային ցիկլը:

  • Հիպոթիրեոզի դեպքում դաշտանային ցիկլը սովորաբար երկար է տևում, այն բավական ցավոտ է լինում:
  • Հիպերթիրեոզով տառապող կանանց շրջանում սովորաբար դաշտանային ցիկլը կարճ է տևում, երբեմն հանգեցնում նաև վաղ դաշտանադադարի:

Այս խնդիրները սովարաբար նկատվում են այն կանանց շրջանում, ում մոտ հիվանդությունը վաղ չի ախտորոշվել կամ բուժումն անարդյունավետ է եղել:

Հոդացավեր, ցավ մկաններում: Եվս մեկ տարածված խնդիր, որը կապված է վահանաձև գեղձի հիվանդությունների հետ:

Անկախ տարիքից ու սեռից՝ հիպերթիրեոզի դեպքում հիվանդները գանգատվում են մկաններում և հոդերում զգացվող ցավից: Սա իսկապես լուրջ անհարմարություններ է ստեղծում, բայց բուժումը սկսելուց կարճ ժամանակ անց սովորաբար անցնում է:

Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող անձինք հաճախ տառապում են նաև դաստակային թունելի համախտանիշով: Հիպերթիրեոզի դեպքում հիվանդները հաճախ գանգատվում են ցավից ու թուլությունից վերջույթներում:

Խոլեստերինի բարձր մակարդակ: Այո՛, վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են ազդել արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Եթե ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խոլեստերինի մակարդակը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձը: Հիպոթիրեոզի դեպքում կարող է նկատվել՝ խոլեստերինի բարձր, հիպերթիրեոզի դեպքում՝ ցածր մակարդակ:

Քնի հետ կապված խնդիրներ: Խնդիր, որը բավական հաճախ է ուղեկցում վահանաձև գեղձի խանգարումներին և զգալիորեն ազդում հիվանդների կյանքի որակի վրա: Խոսքը միայն քնի որակի մասին չէ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում նույնիսկ մի քանի ժամ շարունակ քնելուց հետո մարդը հոգնածություն է զգում, ուժերը չեն բավականացնում:

Այլ դեպքերում հիվանդին տանջում է անքնությունը. հաճախասրտությունը, անհանգստության բարձր մակարդակն ու նյարդային վիճակը թույլ չեն տալիս հանգստանալ:

Մաշկային փոփոխություններ: Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում մազաթափությունը հաճախ ուղեկցվում է նաև մաշկային խնդիրներով:

Հիպոթիրեոզի դեպքում մաշկը կոշտանում է, չորանում, թեփոտվում: Կրունկներին, ծնկներին, արմուկներին ճաքեր են հայտնվում: Հիպերթիրեոզի դեպքում մաշկը գերզգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ:

Դեպրեսիա, անհանգստություն: Հիպոթիրեոզը, որը կապված է վահանաձև գեղձի ակտիվության նվազման հետ, կարող է ազդել սերոտոնինի և դոպամինի մակարդակի վրա, ինչի հետևանք է դառնում դեպրեսիվ վիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը