7 մթերք, որոնք շատ օգտակար են 40 տարեկանից հետո

40-ն անց մարդկանց սննդակարգում պետք է անպայման ներառվեն յուղոտ ձկնատեսակներ, որոնք օգնում են կանխել սրտի նոպան, գլխուղեղի կաթվածն ու սրտանոթային այլ հիվանդությունները

40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Այս տարիքում սնունդն սկսում է բոլորովին այլ կերպ յուրացվել, իսկ նյութափոխանակությունը դանդաղում է, ուստի սննդակարգին հետևելը շատ կարևոր է լինում: Բարեբախտաբար կան սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը կօգնի պահպանել առողջությունը, երիտասարդությունն ու գեղեցկությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք պետք է անպայման ներառվեն 40-ն անց յուրաքանչյուրի սննդակարգում:

Բրոկոլի

Այս բանջարեղենը պարունակում է մանրաթելեր, ֆոլաթթու, С և А վիտամիններ, ինչպես նաև կալցիում: Այս տարրերի շնորհիվ այն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու բարելավում է օրգանիզմում ընթացող բազում գործընթացները: Բացի այդ, այն օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ, ուստի պետք է ներառվի 40-ն անց յուրաքանչյուրի սննդակարգում:

Հապալաս

Այս հատապտուղները պարունակում են շատ քիչ կալորիա, սակայն հարուստ են К և С վիտամիններով, մանրաթելերով, հակաօքսիդանտներով ու մեծ քանակությամբ այլ սննդարար նյութերով: Այս մթերքի գործածության շնորհիվ նվազում է սրտի հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև բարելավվում է հիշողությունն ու տեսողությունը:

Յուղոտ ձուկ

40-ն անց մարդկանց սննդակարգում պետք է անպայման ներառվեն յուղոտ ձկնատեսակներ, որոնք օգնում են կանխել սրտի նոպան, գլխուղեղի կաթվածն ու սրտանոթային այլ հիվանդությունները: Սա պայմանավորված է նրանով, որ յուղոտ ձկները հարուստ են վիտամին D-ով, սպիտակուցներով ու օմեգա-3 ճարպաթթուներով:

Քաղցր կարտոֆիլ (բաթաթ)

Քաղցր կարտոֆիլը հարուստ է հակաօքսիդանտներով, օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, ինչպես նաև պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Իր այս յուրահատուկ բաղադրության շնորհիվ բաթաթը հիանալի մթերք է շաքարային դիաբետի ու օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Սոյա

Ճիշտ գործածության դեպքում սոյան կարող է շատ օգտակար մթերք լինել 40-ն անց մարդկանց համար: Այն հարուստ է օգտակար բուսական սպիտակուցներով ու օմեգա-3 ճարպաթթուներով, ուստի հիանալի միջոց է սրտանոթային հիվանդությունների, օնկոլոգիական հիվանդությունների ու օստեոպորոզի կանխարգելման համար:

Լոլիկ

Լոլիկը պարունակում է հակաօքսիդանտներ ու վիտամիններ (А, С, Е), ուստի շատ օգտակար է յուրաքանչյուրի համար: Բացի այդ, այն պարունակում է լիկոպին, որն օգնում է կանխել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների ու քաղցկեղի զարգացումը:

Ամբողջահատիկ մթերք

40 տարեկանից հետո սննդակարգում ամբողջահատիկ մթերք ներառելու դեպքում կարելի է գրեթե չանհանգստանալ առողջության պահպանման համար: Նման մթերքը հարուստ է մեծ քանակությամբ հանքանյութերով, B խմբի վիտամիններով ու մանրաթելերով: Այս տարրերն օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը: Բացի այդ, ամբողջահատիկ մթերքը շատ օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը կամ պահել այն նորմայի սահմաններում:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am: