Աֆրիկայի երկրները եւ դրանց միավորումները շուտով կարող են դառնալ ԵՏՄ առեւտրային գործընկերներ. Վոլոդին

2018-ին առեւտրի ծավալը Աֆրիկյան աշխարհամասի հետ ավելացել է 17,2 տոկոսով 2017-ի համեմատ եւ կազմել 20,4 մլրդ դոլար

Աֆրիկայի երկրները եւ աշխարհամասի ինտեգրացիոն միավորումները կարող են շուտով դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) արտաքին առեւտրային գործընկերները։ Այս մասին չորեքշաբթի ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը «Ռուսաստան-Աֆրիկա» խորհրդարանական կոնֆերանսում, «Պառլամենտարիզմի զարգացումը» II միջազգային համաժողովի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին առեւտրային գործընկերների թիվը տարեցտարի ավելանում է։ Հատկապես հաճելի է, երբ այդ շրջանակի մեջ առաջիկայում կարող են մտնել նաեւ Աֆրիկյան աշխարհամասի ինտեգրացիոն միավորումները։ Ստորագրման է պատրաստվում հուշագիր Եվրասիական տնտեսական միության եւ Աֆրիկյան միության փոխգործակցության մասին»,- ասել է նա։

Պետդումայի նախագահը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այժմ իրականացվում են Աֆրիկյան միության եւ Աֆրիկայի Հարավի զարգացման ընկերակցության ինտեգրացիոն նախագծեր, ձեւավորվում է ազատ առեւտրի աշխարհամասային գոտի, ստեղծվում են պայմաններ դինամիկ եւ կայուն զարգացման համար օրակարգի շրջանակում, որը հաշվառված է մինչեւ 2063 թվականը։ «Այս գործընթացների համակցումը եվրասիական ինտեգրման հաջող նախագծերի հետ, նախեւառաջ ԵՏՄ եւ ՇՀԿ շրջանակում, նոր հեռանկարային ուղղություններ կբացի ռուս-աֆրիկյան համագործակցության համար»,- համոզված է Վոլոդինը։

Ընդհանուր բիզնես-նախագծեր

Պետդումայի նախագահը նաեւ ասել է, որ Ռուսաստանի եւ Աֆրիկայի խորհրդարանականները պետք է սատարեն երկու երկրների միջեւ շփումների հաստատմանը, ինչպես նաեւ աշխատեն «ներդրումների ոլորտում օրենսդրությունների մերձեցման» ուղղությամբ։

Նա նշել է, որ 2018-ին առեւտրի ծավալը Աֆրիկյան աշխարհամասի հետ ավելացել է 17,2 տոկոսով 2017-ի համեմատ եւ կազմել 20,4 մլրդ դոլար։ Սակայն, ավելացրել է Վոլոդինը, «դա բավական չէ, հաշվի առնելով Ռուսաստանի եւ աշխարհամասի երկրների հարաբերությունները։

«Մենք պետք է էլ ավելին անենք, այդ թվում խորհրդարանական չափմամբ, ավելացնելու համար առեւտրատնտեսական փոխգործակցությունը։ Ճիշտ կլիներ մեր կողմից, օգատգործելով խորհրդարանների հնարավորությունները, սատարել ռուս եւ աֆրիկյան գործարարների շփումների հաստատմանը, տեղեկատվության փոխանակմանը համագործակցության հնարավոր նախագծերի մասին»,- ասել է Վոլոդինը։ Նա ավելացրել է, որ դրա համար լավ հարթակ կարող էին դառնալ ֆորումները խորհրդարանականների, գործարար, փորձագիտական հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ, գրում է news.am:

«Միջխորհրդարանական աշխատանքի առաջնահերթությունը պետք է դառնան համատեղ բիզնես-նախագծերի աջակցությունը եւ ներդրումների պաշտպանության ոլորտում օրենսդրությունների մերձեցումը, պետական երաշխիքները»,- ընդգծել է Պետդումայի նախագահը։ «Մեզ համար չափազանց կարեւոր է ավելի մանրամասն ուսումնասիրել եւ մշակել օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը, որպեսզի բիզնեսը, որը կցանկանար իրացվել մեր երկրներում, հենվեր եւ ղեկավարվեր օրենսդրական նորմերով, որոնք մի կողմից նրա համար ստեղծում են նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ հասկանլի են»,- ամփոփել է նա։

«Պառլամենտարիզմի զարգացումը» II միջազգային համաժողովը ընթանում է հուլիսի 1-3-ը Պետդումայի նախաձեռնությամբ։ Այս տարի համաժողովին մասնակցում են 132 պետությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 800 օրենսդիրներ եւ փորձագետներ, այդ թվում՝ 14 միջազգային խորհրդարանական կազմակերպություններից։ Համաժողովին ներկա է 41 խոսնակ, որոնք ներկայացնում են ազգային խորհրդարանները, դա երկու անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ։

Համաժողովի շրջանակում չորեքշաբթի տեղի է ունենում «Ռուսաստան-Աֆրիկա» խորհրդարանական կոնֆերանսը։ Մասնակցում են 37 ազգային պատվիրակություններ, որոնցից 25-ը գլխավորում են Աֆրիկայի երկրների խորհրդարանների նախագահները։