«Յուվենտուսը» ներկայացրեց Ադրիեն Ռաբիոյին

Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 7 միլիոն եվրո

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն Թուրինի «Յուվենտուսում» ստացավ 25 համարի խաղաշապիկը։ Իտալական ակումբի նորեկը հատուկ ասուլիսում հայտարարել է, որ 7 տարի Փարիզում անցկացնելուց հետո պատրաստ է Իտալիայի Սերիայի Ա-ին։

«Բուֆոնը ինձ հետ շատ է խոսել «Յուվենտուսի» մասին, եւ նրա կարծիքը շատ կարեւոր է ինձ համար։ Նա վստահեցրել է, որ «Յուվենտուսը» կլինի լավագույն տեղը իմ առաջընթացի համար։

Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել խոսել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, բայց այստեղ ամեն ինչ տպավորիչ է։

Ես նախընտրում եմ խաղալ ձախ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց ես կարող եմ խաղալ նաեւ երկու կենտրոնական պաշտպանների սխեմայում։ Բայց մարզիչն է որոշում խաղացողի դիրքը»,- Ռաբիոյի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։

«Յուվենտուսը» Ռաբիոյի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։

24-ամյա ֆուտբոլիստն անվճար է բաժին հասել իտալական ակումբին։ Ռաբիոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, գրում է sport.news.am:

Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 7 միլիոն եվրո։