Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կամակորություն է որակել իր հրաժարականը պահանջող քաղաքացու պահվածքը։
«Հաշվի առնելով, որ քաղաքացին շոգ եղանակին հրապարակում վրան էր տեղադրել և իմ հրաժարականն էր պահանջում, նրան երեկ առաջարկվել է գալ քաղաքապետարան և նա նախնական համաձայնություն էր տվել, սակայն հետո ինչ-ինչ անհասկանալի պատճառով որոշեց, որ պետք է քաղաքապետն իր մոտ գնա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ անդրադառնալով իր դեմ իրականացվող բողոքի ակցիային։ Նշենք, որ երեկ առավոտյան մի քա»աքացի նստացույց էր իրականացնում և պահանջում հանդիպել քաղաքապետի հետ:
Գասպարյանը չի կարծում, որ քաղաքացու կամակորության պատճառով ինքը պետք է գնա՝ նրա խնդիրները լսելու և ընդգծում, որ Էջմիածնի քաղաքապետարանում ֆիքսված օր կա, երբ քաղաքապետարանն ընդունում է քաղաքացիներին, լսում նրանց պահանջներն ու դրանց ընթացք տալիս:
«Եթե այդ անձն ուներ խնդիր, այսօր էլ ունի այն և իր նպատակը խնդիրը լուծելն է, այլ ոչ թե աղմուկ բարձրացնելը կամ դեմոստրատիվ անհասկանալի ակցիա անելը, ապա կարող է գալ և իր հարցը բարձրաձայնել, քաղաքապետարանի դռները բաց են քաղաքացիների առաջ»,-ասաց Էջմիածնի քաղաքապետը:
Գասպարյանն ընդգծեց, որ եթե քաղաքացին շահագրգռված է իր խնդրի լուծմամբ և ոչ թե պարզապես աղմուկ հանելով, ապա կան շատ հեշտ քայլեր, որոնք չեն արվում, հետևաբար ինքն այս ակցիան այլ կոնտեքստով երևույթ է համարում:
Հարցին հնարավո՞ր է, որ այն որոշակի ուժերի կողմից ուղղորդվում է՝ Գասպարյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Չեմ ցանկանում դավադրությունների տեսության մեջ խորանալ, բայց ասում եմ, որ, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, Էջմիածինը բարդ քաղաք է, այստեղ բազմաթիվ շահեր կան և շատ հնարավոր է այլ և այլ ուժերի կողմից հրահրված լինի»,-ասաց Էջմիածնի քաղաքապետը՝ հավելելով, որ կոնկրետ փաստեր չունի, սակայն այդ ակցիան իր համար անհասկանալի է:
0Comments