Հայաստանում 200 հազար երեխա անվճար բուժսպասարկման հասանելիություն կստանա

Անվճար ստացիոնար բժշկական օգնությունը եւ սպասարկումը 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն 2020 թվականից

 

Փորձագետները դրական են գնահատում կառավարության որոշումը 0-18 տարեկան երեխաներին պետպատվերի շրջանակում ստացիոնար բուժօգնություն եւ սպասարկում ցուցաբերելու մասին:

Հիշեցնենք, որ այս նպատակի համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 1,75 մլրդ դրամ:

Հուլիսի 1-ին մամուլի ասուլիսում Պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանը նշեց, որ այս որոշումը կառնչվի շուրջ 200 հազար երեխաների, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունեն: Փորձագետը տեղեկացրեց, որ բուժօգնությունը եւ ծառայությունները անվճար կլինեն բոլոր երեխաների համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Սա վերաբերում է նաեւ սրտի եւ աչքերի թանկարժեք վիրահատություններին, ինչպես նաեւ ախտորոշման այնպիսի ժամանակակից մեթոդներին, ինչպիսին է, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիան:

Հակոբյանը վստահ է, որ այս որոշման հետեւանքով բուժանձնակազմի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի լինի, քանի որ մանկական դիմելիությունը մանրակրկիտ վերլուծվել է: Սա հաշվի առնելով՝ մտավախությունը, թե տրամադրվող բուժծառայությունների որակը կնազի, հիմնազուրկ է:

Սկզբում նախատեսվում էր, որ անվճար ստացիոնար բժշկական օգնությունը եւ սպասարկումը 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն 2020 թվականից։ Ինչպես նշեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանը, այս հարցում իշխանությունները քաղաքական կամք են դրսեւորել, ինչի շնորհիվ երեխաները կկարողանան օգտվել այդ հնարավորությունից ընթացիկ տարվանից։ «Սա աննախադեպ քայլ է բժշկական սպասարկումների հասանելիության ապահովման գործում, մանավանդ հաշվի առնելով այն, որ վերջին 2-3 տարում նկատվել է ծախսերի կրճատման միտում առողջապահության ոլորտում»,- նկատեց նա։

Իր կողմից՝ Save the Children International հայկական ներկայացուցչության փորձագետ Լիլիթ Չիթչյանը հույս հայտնեց, որ այս որոշումը, տարբեր սոցիալական ծրագրերի իրականացման հետ միասին, կսատարի մանկական աղքատության նվազմանը Հայաստանում, գրում է med.news.am: