Արտաշավան գյուղի մոտ «Nissan»-ն ընկել է ձորակը․ 4 հոգի հոսպիտալացվել է

Վարորդը և ուղևորները ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ

ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 15:44-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 20 մ):

Վարորդը և ուղևորները՝ Ծ. (ծնված 1959 թ.) և Մ.(ծնված 2009 թ.) Գ.-երը, ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Ռ.Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: