«Ամենակարևոր» քննության գնահատականը չի կարող որոշել կամ փոխել Ձեր նպատակաները, ապագան և կյանքը

16-ամյա Էդմոն Նազարյանը «ԹազաTեղ» նախագծի հիմնադիրներից է, հաճախել է IMPACT և SKYE երիտասարդական ակումբներ, որտեղ, երիտասարդները ստանում են ոչ ֆորմալ կրթություն և իրենց գաղափարներն իրականություն են դարձնում
Էդմոն Նազարյան

 

168.am-ը շարունակում է ներկայացնել հայ պատանիների, ովքեր հիմնում են ստարտափեր, ստեղծում են հավելվածներ և խաղեր, ներկայացնում են դրանք միջազգային հարթակում և փոքր տարիքից գրանցում են նշանակալի հաջողություններ:

Մեր հերթական հերոսը Էդմոն Նազարյանն է, ով 16 տարեկան է և «ԹազաTեղ» նախագծի հիմնադիրներից է:

Էդմոն Նազարյանը ծնվել և մեծացել է Թալինում: Սովորում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

«Ոչ ֆորմալ կրթությունը միշտ է ինձ հետաքրքրել։ Դեռևս վաղ տարիքից մասնակցել եմ տարբեր սեմինար-դասընթացների՝ ամենաբազմազան թեմաներով, այդ  թվում՝ մարդու իրավունք, երեխաների իրավունք, շահերի պաշտպանություն, ինտերնետային անվտանգություն, ՏԻՄ կառուցվածք, սոցձեռներեցություն, ծրագրերի նախագծում, իրականացում, քննադատական մտածողություն, մեդիա-գրագիտություն և այլն: Ունեցել եմ իմ մասնակցությունը երևի թե բոլոր համայնքային ծրագրերում։ Դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել։ Միշտ գլխումս ունեցել եմ տարբեր նորարարական գաղափարներ ու հետաքրքրված եմ եղել ոլորտով։ Ընկերներիս հետ հիմնել ենք ստարտափեր և իրականացրել մեր իսկ համայանքային զարգացման ծրագրերը»,-պատմում է Էդմոն Նազարյանը:

Էդմոնը հաճախել է IMPACT և SKYE երիտասարդական ակումբներ, որտեղ,  երիտասարդները ստանում են ոչ ֆորմալ կրթություն և իրենց գաղափարներն իրականություն են դարձնում՝ ի շահ իրենց համայնքի։ Այս ակումբների շրջանակներում մաս եմ կազմել շատ նախագծերի, հաճախ ինքս տվել եմ գաղափարներ, որոնք հաջողությամբ իրականացրել ենք։

Էդմոնը իր մասնակցած բազմում նախագծերից առանձնացնում է երկուսը, որոնք անմիջական կապ ունեն իր ներկայիս զբաղվածության հետ՝ «Համայնքը ես եմ» և «Մարդամեջ -2019»:

««Համայնքը ես եմ»-ի շրջանակներում ստեղծելու ենք մեսսենջեր բոտ համայնքի ֆեյսբուքյան էջի վրա, որը հետևորդ քաղաքի բնակիչներին կիրազեկի Տարածքային ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) կազմի և իրականացվող գործունեության մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնակչության մեծ մասը անտարբեր է կամ տեղեկացված չէ:

«Մարդամեջ 2019»-ը անցկացվում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից: Վերջինիս շրջանակներում ես և իմ թիմը ներկայացրել ենք մի նորարար գաղափար, որի իրականացման համար շահել ենք 1.000.000 դրամ մրցանակային ֆոնդ։ Նախագիծը կոչվում է «Թազա Tեղ»։ Գաղափարն այն է, որ ծրագրի շրջանակում մեր թիմը յուրաքանչյուր համայնքում անցկացնելու է մեկ ուսումնական-տեղեկատվական հադիպում տեղի բնակչության և երիտասարդների հետ, ապա ևս երեք հետաքրքիր օր՝ յուրաքանչյուր համայնքում ապրելով տեղի երիտասարդների առօրյա կյանքով: Եվ վերջում մեկ օր՝ ծրագրի արդյունքների  ամփոփման համար»:

Ծրագրում ընդգրկված երիտասարդները ստանալու են գիտելիքներ և հմտություններ իրենց համայնքները ավելի ճանաչված, տուրիստական առումով ավելի գրավիչ դարձնելու համար: Ինչպես նաև չատ-բոտ գործիքի միջոցով երիտասարդները արտաքին շուկային են ներկայացնելու իրենց համայնքներում առկա գյուղմթերքն ու այլ ծառայությունները:

««ԹազաTեղ» ծրագիրը  նաև լավ հնարավորություն է լինելու նոր ծանոթությունների, նոր կապերի հաստատման, համայքներում կյանքի ռիթմի բարձրացման, երիտասարդների շրջանում նախաձեռնողականության, ակտիվ համագործակցության, հետաքրքիր ու հագեցած ժամանակ անցկացնելու համար:

Այժմ արդեն անցել ենք իրագործման փուլին, և կարող եմ ասել, որ սա իրոք, գլոբալ, մասշտաբային ծրագիր է, ու հիմա ես ու իմ թիմը ջանք չենք խնայում այն գերազանցապես իրագործելու և հանրությանը ներկայացնելու համար»։

Էդմոն Նազարյանը նշում է, որ երիտասարդները առաջին հերթին պետք է լինեն հետաքրքրասեր և զբաղվեն ինքնակրթությամբ:

«Երիտասարդներին, առաջին հերթին, խորհուրդ կտամ լինել հետաքրքրասեր, զբաղվել բազմաոլորտ կամավորությամբ և ինքնակրթությամբ։ Շատ կարևոր է երբեք չդադարել մտածել ապագայի մասին, սովորել և առաջ շարժվել։ Եթե ունեն գաղափար, ապա երբեք այն անուշադրության չմատնեն ու փնտրեն ամեն հնարավոր միջոցները այն իրականացնելու համար։ Վերջիվերջո կասեմ, որ այժմ մենք՝ երիտասարդներս, ունենք անսահմանափակ, հրաշալի հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել կրթվելու և կյանքում ավելի փորձառու դառնալու համար։ Պետք չէ տրվել ընկերների, հարազատների՝ ռիսկեր չվերցնելու խորհրդին, այլ պետք է լինել հանդուգն ու օգտագործել ընձեռված ցանկացած հնարավորություն՝ հասնելու սեփական նպատակներին: Այդ խորհուրդները Ձեզ կտանեն միայն դեպի միջին վիճակագրական և կրեդիտային կյանք: Հիշեք, որ կյանքը շատ կարճ է փոքր նպատակների համար ու նպատակ դրեք լինելու համար առաջինը»:

16-ամյա Էդմոնը արդեն իսկ մեծ փորձառություն ունի: Հետագայում նա ցանկանում է ուսումնասիերլ բիզնես ոլորտը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, իսկ հետագայում՝ ուսումնասիրել քաղաքականությունը արտասահմանում:

«Կրթությանս անբաժան մասն են կազմում ու կազմելու են բազմաբովանդակ սեմինարները, քննարկումները, պրակտիկաները և ծրագրերը: Դպրոցում առաջադիմությունս գերազանց է, ու խորհուրդ կտամ բոլորին սովորել գերազանց, քանի որ դա բազմակողմանի զարգանալու, հետաքրքրություն առաջացնելու և մասնագիտական կողմնորոշում տալու հզոր գործիք է: Բայց հիշեք որ «ամենակարևոր» քննության գնահատականը չի կարող որոշել կամ փոխել Ձեր նպատակաները, ապագան և կյանքը»: