Վիետնամն ու ԵՄ-ը ստորագրել են ազատ առեւտրի մասին համաձայնագիր

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ Վիետնամի եւ ԵՄ բոլոր 28 երկրների միջեւ կհանվեն ապրանքների համար գործող գրեթե բոլոր մաքսերը

Կիրակի Վիետնամն ու Եվրամիությունը ստորագրել են ազատ առեւտրի մասին համաձայնագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵՄ բլոկի եւ տնտեսական առումով Հարավային Ասիայի արագ զարգացող երկրներից մեկի միջեւ առեւտրային համաբերությունների զարգացման համար, հաղորդում է Associated Press-ը:

Փաստաթուղթը ստորագրել են առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմն ու Վիետնամի առեւտրի նախարար Չան Թուան Անը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ Վիետնամի եւ ԵՄ բոլոր 28 երկրների միջեւ կհանվեն ապրանքների համար գործող գրեթե բոլոր մաքսերը:

Համաձայնագրի ստորագրման պահից սկսած՝ ԵՄ-ը հանում է վիետնամական ապրանքների համար նախատեսվող մաքսերի 85 տոկոսը՝ այնուհետեւ աստիճանաբար նվազեցնելով դրանք հաջորդող յոթ տարիների ընթացքում:

Վիետնամն իր հերթին կհանի ԵՄ-ից արտահանվող ապրանքների համար մաքսերի 49 տոկոսը: Մնացած մաքսերը կչեղարկվեն 10 տարվա ընթացքում, գրում է  sport.news.am:

Վիետնամը, որի բնակչությունը կազմում է 95 միլիոն մարդ, ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, եւ ակնկալվում է, որ այդ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի առեւտրի սրընթաց զարգացմանն ու կստեղծի մեծագույն երկկողմանի հնարավորություններ բիզնեսի եւ սպառողների համար: