Օդի աղտոտվածությունը նվազեցնում է երեխաների IQ-ն

Փորձագետների կարծիքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ թունավոր մասնիկները կարող են անցնել ընկերքով եւ առաջացնել գլխուղեղի վնասվածք

Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության եւ երեխաների IQ-ի միջեւ: Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են PM10 մասնիկների վրա: Սա մթնոլորտային օդի լայնորեն տարածված աղտոտիչ է, որը ներառում է օդում կախված վիճակում գտնվող պինդ եւ հեղուկ մասնիկների խառնուրդ:

Հետազոտության շրջանակում վերլուծելով 1005 երեխաների տվյալները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հղիության ժամանակ աղտոտված օդ շնչելը ներարգանդային զարգացման փուլում երեխայի վրա բացասաբար է ազդում: Փորձագետների կարծիքով՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ թունավոր մասնիկները կարող են անցնել ընկերքով եւ առաջացնել գլխուղեղի վնասվածք, գրում է med.news.am;

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ սաստիկ աղտոտված շրջաններում բնակվող երեխաների IQ-ն եղել է 2,5-6,8 միավորով ավելի ցածր, քան նրանց այն հասակակիցներինը, որոնք բնակվել են էկոլոգիապես ավելի մաքուր տարածքներում:

Մասնագետները նշում են, որ աղտոտված օդի կործանարար ազդեցությունից պտղին կարող է պաշտպանել հղիության ժամանակ ֆոլաթթվի ընդունումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Research ամսագրում: