Ֆրանսիայում բրոնզե մեդալ նվաճած Լեւոն Աղասյան․ Արդյունքիցս դժգոհ չեմ

Հայաստանի առաջնության ավարտից հետո, հաջորդ օրը կմեկնեմ Նեապոլ, որտեղ մասնակցելու եմ Համաշխարհային ուսանողական խաղերին

Հայաստանի առաջնությունում փորձելու եմ գրանցել այնպիսի արդյունք, որն ինձ համար կապահովի միանգամից մի քանի շատ մեծ մրցաշարերի ուղեգիր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Հունիսի 28-ին Ֆրանսիայի Արտուա քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի «International meeting de l'Artois» մրցաշարում Հայաստանի առաջատար եռացատկորդը բրոնզե մեդալ է նվաճել:

«Ցատկեցի 16.53 մետր եւ գրավեցի երրորդ տեղը: Արդյունքիցս դժգոհ չեմ: Բայց կարող էի ավելին, եթե ինքնազգացողությունս լավ լիներ: Մրցաշարին մասնակցում էր 17 երկիր:

Այժմ վերադառնում եմ Հայաստան եւ կրկին մեծ ուժով պատրաստվելու եմ Հայաստանի առաջնությանը: Առաջիկա առաջնությունն ինձ համար շատ կարեւոր է եւ առանձնահատուկ: Նպատակ ունեմ արձանագրելու շատ բարձր արդյունք, որն ինձ միանգամից մի քանի շատ մեծ մրցաշարերի ուղեգիր կապահովի... Անկեղծ ասած՝ դժվար է լինելու, բայց ես մինչև վերջ աշխատելու եմ։ Անելու եմ անհնարինն ու հնարավորը:

Հայաստանի առաջնության ավարտից հետո, հաջորդ օրը կմեկնեմ Նեապոլ, որտեղ մասնակցելու եմ Համաշխարհային ուսանողական խաղերին»,- ասաց Լեւոն Աղասյանը:

Ունիվերսիադայի աթլետիկայի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Լեւոն Աղասյան (եռացատկ) եւ Երվանդ Մկրտչյան (1500 մ վազք): Ունիվերսիադան անցկացվելու է հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում: Հայաստանի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 5-6-ը Արտաշատում: