Թրամփը ցանկանում էր Հարավային Կորեայում ապառազմականացված գոտու դիտակետ այցելել

ՑՏԱԿ գործակալությունը դրանից հետո հրապարակել էր ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էր Հարավային Կորեայում ապառազմականացված գոտու դիտակետ այցելել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Washington Post-ին: 

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ երկու կորեական պետությունների սահմանին Պխանմունդժոմում «անվտանգության միասնական գոտի նախագահի այցի մասին մինչ այժմ ոչինչ չի խոսվել»: Այդ գոտում 2018 թվականին տեղի էր ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, որ Հարավային Կորեա կիրակի օրը կատարելիք այցի ընթացքում կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ: Ընդ որում, նա առաջարկել էր հանդիպել ապառազմականացված գոտում:

ՑՏԱԿ գործակալությունը դրանից հետո հրապարակել էր ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հայտարարությունը, որը հայտնել էր, որ Փհենյանը դրական է վերաբերվում ԱՄՆ նախագահի առաջարկին:

2018 թվականին Թրամփն ու Կիմ Չեն Ինը Սինգապուրում ԱՄՆ-ԿԺԴՀ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը անցկացրեցին, որի ըթնացքում Փհենյանը ստանձնեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացման պարտավորությունը՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքների փոխարեն: ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին Հանոյում, սակայն կողմերը չկարողացան համաձայնության հասնել: