Հանգիստ թողեք երեխաներին

Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելող օրենք

Ռուսաստանում շատ հանգիստ վերաբերմունք կա ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը:

Պուտնի խոսքով, Ջոնը հանճարեղ երգիչ է, սակայն իր հայացքներում մոլորության մեջ է: Պուտինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելող օրենքը, որը քննադատում են որոշ երկրներում:

«Եկեք թույլ տանք մարդը մեծանա, հասուն դառնա, իսկ հետո կորոշի, ով է ինքը: Հանգիստ թողեք երեխաներին: Ես արդեն ասել եմ իմ հարցազրույցում, արդեն 5 կամ 6 սեռ են հորինել, արդեն չեմ էլ հասկանում ինչ է դա»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ հասարակության այդ մասն ագրեսիվորեն իր տեսակետն է պարտադրում գերակշռող մեծամասնությանը: Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է ավելի բաց ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:

Ավելի վաղ Էլթոն Ջոնը մեղադրել էր Պուտինին երեսպաշտության համար: Երգիչն ափսոսանք էր հայտնել, որ Պուտինը խոսում է ՌԴ-ում ԼԳԲՏ համայնքի խնդիրների բացակայության մասին, երբ իրականում երգչի կյանքի մասին ֆիլմը գրաքննության է ենթարկվել, նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով: